Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանն է ներկայացրել քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ:
Նախագծով մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:
Նախագծի վերաբերյալ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առանձնացրել է հետևյալ դիտարկումները՝
- Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պատիժ: Վարույթի ընթացքում այն կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օր, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումներ, ապա իրավական կառուցակարգերը տալիս են հնարավորություն վերականգնել խախտված իրավունքերը և վնասի հատուցում ստանալ: Բացի այդ, հարց է առաջանում՝ արդյոք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումը, այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումները, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին, վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում «տեղեկանքը կցվում է»:
Էական տարբերություններից է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք, սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակում է նախագիծ, որով երկարատև տեսակցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք: Հետևաբար, վերոգրյալ վերլուծությունների արդյունքում կարելի է եզրահանգել, որ կալանավորման 1 օրը ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա հաշվակցումը չպետք է դիտարկվի որպես փոխհատուցում:
- Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա գործնականում անխուսափելի կլինեն գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառության առավել սահմանափակումները կամ դրանց կիրառման միջնորդությունները: Ասվածը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումն այն պատճառով, որ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ազատատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակների հետ հաշվակցելու դեպքում, նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակում: Սա իր հերթին կարող է նախագծի հիմնավորմամբ առաջ քաշված նպատակին հակասող ազդեցություն ունենալ, այն առումով, որ խափանման միջոցի ընտրության հարցում, ինչպես վերը նշվեց, կալանավորումը գրավիչ երանգներ է ստանում և, հետևաբար, հղի է քրեակատարողական հիմնարկները կրկին ծանրաբեռնելու վտանգով:
- Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:
Ամփոփելով վերոնշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագիծը քննարկել են Էդմոն Մարուքյանի հետ և նա նշել է, որ եթե համաներում է սպասվում, ապա օրինագծի ընդունման կարիքը չկա:
«Քանի որ համաներման նախագիծը գաղտնի ռեժիմում է, մենք տեղեկատվությամբ չենք կիսվել: Հիմա կարծում եմ փոփոխության կարիքը չկա»,-նշեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր կառավարությունը գաղտնի ռեժիմում կքննարկի համաներման վերաբերյալ նախագիծը:
Նախագիծը մանրամասն՝