Հարսին խոշտանգած սկեսուրը դատապարտվեց ազատազրկման

Այսօր ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց Հայկանուշ Միքայելյանի գործով դատավճիռը, որով որոշեց Հայկանուշ Միքայելյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում՝ նրան դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը միաժամանակ որոշեց կիրառել համաներում և նշանակված պատժի չափը 1/3 –ով կրճատել, իսկ այնուհետև հանել ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Տուժող Մարիամ Գևորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ամբողջությամբ դատարանը թողեց առանց քննության և չբավարարեց: Կարելի է արձանագրել, որ դատավորի կողմից կայացված դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումն ի սկզբանե ուներ միայն մեկ և հիմնական նպատակ’ դատարանի համար հնարավորություն ստեղծել հասարակական հսկողությունից դուրս գործել’ ի օգուտ ամբաստանյալի:

 

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու՝ Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ՝ Զիրոյանն ազատ է արձակվել՝ Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

 

«Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիա

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել