ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 271-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքում, երբ քաղաքացին վարակված է Կառավարության հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությամբ, կամ առկա են ապացույցներ տվյալ քաղաքացու` այդ հիվանդությամբ հնարավոր վարակվածության վերաբերյալ, սույն օրենսգրքի 272-րդ հոդվածով նախատեսված անձինք կամ պետական մարմինն իրավունք ունեն դիմելու դատարան` տվյալ քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու պահանջով:
ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվանից հինգ օրվա ընթացքում: Շրջապատի համար վտանգ ներկայացնող այնպիսի հիվանդության դեպքում, որոնց տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ, դիմողի միջնորդությամբ դատարանը գործը քննում և վճիռ է կայացնում անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Մինչև գործով վճիռ կայացնելը, դատարանը պարտավոր է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդին կամ վարակակրին կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ կասկածվող անձին կամ վարակակրին կամ նրա ներկայացուցչին տեղեկություններ տրամադրել հիվանդության բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների մասին:
Դատարանը քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը քննում է դիմողի կամ նրա ներկայացուցչի և այն անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որի վերաբերյալ լուծվում է բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու հարցը:
Եթե անձը, որի վերաբերյալ լուծվում է բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու հարցը, առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ մասնակցելու դիմումի քննությանը և ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ անձի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում` դիմողի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:
Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու, այդ թվում՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար դատարանը դիմողի միջնորդությամբ իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնել։ Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշմամբ սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները:
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդ կամ վարակակիր կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող կասկածելի հիվանդ կամ վարակակիր անձի դատական նիստին մասնակցելու դեպքում դիմողը, ըստ անհրաժեշտության, ապահովում է համապատասխան պայմաններ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: