Երեխայի որդեգրումը վերացվում է դատական կարգով

Երեխայի որդեգրումը կարող է վերացվել այն դեպքերում, երբ որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց, չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող հիվանդներ, ինչպես նաև դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու, դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքերում՝ այդ ծնողների պահանջով:

Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրումը նաև այլ հիմքերով՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 129-րդ հոդվածի՝

 Երեխայի որդեգրումը վերացվում է դատական կարգով։ Որդեգրումը դադարում է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի՝

Երեխայի որդեգրումը վերացնելու պահանջի իրավունք ունեն նրա ծնողները, երեխայի որդեգրողները, խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև տասնութ տարին լրացած որդեգրվածը՝ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի՝

Երեխայի որդեգրման վերացում չի թույլատրվում, եթե որդեգրումը վերացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին որդեգրված երեխան դարձել է չափահաս, բացի այն դեպքերից, երբ նման վերացման համար առկա են որդեգրողի և որդեգրված երեխայի, ինչպես նաև որդեգրված երեխայի ծնողների փոխադարձ համաձայնությունը, եթե ծնողները ողջ են, զրկված չեն ծնողական իրավունքներից, կամ դատարանը նրանց անգործունակ չի ճանաչել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել