Քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո

Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե`

1)հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.

2)մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ.

3)մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից.

4)մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.

5)գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին:

Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

Քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո:

Քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել