Հայաստանի փաստաբանները սեպտեմբերի 14-ին ընտրելու են Փաստաբանների պալատի թվով 3-րդ նախագահին: Այդ պաշտոնի համար առաջադրվել են 4 թեկնածուներ` փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, Արա Զոհրաբյանը և Աշոտ Թադևոսյանը:
Իրավաբան.net-ը Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներին ներկայացնելու համար ընտրել է հարցազրույց- հարցաթերթիկի ժանրը: Բոլոր թեկնածուները պատասխանել են նույն հարցերին` տեղյալ չլինելով մրցակցի պատասխանից: Այս ժանրի ընտրության նպատակը նույն հարցերի վերաբերյալ 4 թեկնածուների կարծիքն նրանց ընտրողներին ներկայացնելն ու անկողմնակալ լուսաբանումն ապահովվելն է:
Իրավաբան.net-ը հարցազրույցները հրապարակում է թեկնածուների ազգանվան տառերի հաջորդականությամբ: Երկրորդ զրուցակիցը փաստաբան Կրոմվել Գրիգորյանն է:
Անձնական թերթիկ
Կրոմվել Ալեքսեի Գրիգորյանը ծնվել է 15.12.1963թ-ին
1971-1981թթ. սովորել է էջմիածնի շրջանի Փարաքարի միջնակարգ հանրակրթական դպրոցում:
1981-1985թթ. սովորել է Երևանի Ֆինանսա-տնտեսագիտական տեխնիկումի իրավագիտություն բաժնում:
1982-1984թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1985-1997թթ. աշխատել է էջմիածնի շրջանային ժող. դատարանում` որպես
նիստերի քարտուղար, գրասենյակի գործավար, գրասենյակի վարիչ, դատական
տեսուչ:
1987-1993թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի երեկոյան բաժնում:
1991թ. ընտրվել է էջմիածնի շրջանային խորհրդի պատգամավոր:
1991-1995թթ. հանդիսացել է էջմիածնի շրջանային խորհրդի իրավական
հարցերի հանձնաժողովի նախագահ:
1997թ. մինչև օրս զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:
04.07.2002 թվականից առ այսօր «Կրոմվել Գրիգորյան» ՍՊԸ-ի տնօրենն է:
2007թ-ին ՀՀ վճոաբեկ դատարանի նախագահի կողմից ստացել է թիվ 3
հավատարմագիրը՝ ՀՀ վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն
իրականացնելու համար:
– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Անցած բավականի մեծ ճանապարհ ունեմ, ծանոթ եմ փաստաբանության բոլոր խնդիրներին և համոզված եմ, որ իմ կարողություններով կարող եմ առկա այդ թերությունները վերացնել և Փաստաբանների պալատը դարձնել այնպիսին, որ յուրաքանչյուր փաստաբան կերազի:
– Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի հիմնական թեզերը:
– Նախ մի արատավոր հանգամանք ունենք. 8 տարիների ընթացքում Փաստաբանների պալատը, հանձին` պալատի ներկայիս ղեկավարի, բաժանվել է երկու մասի` յուրայիններ, որոնք շատ քիչ մաս են կազմում և օտարներ: Յուրայիններն այն անձիք են, ովքեր կատարում եմ պալատի նախագահի բոլոր ցանկությունները, կամայականությունները, իսկ օտարների մեջ մտնում են սկսնակ և սկզբունքային փաստաբաններ, ովքեր իրենց սկզբունքային գործունեության շնորհիվ, չկատարելով պալատի նախագահի կամայականությունները, հայտնվել են օտարների շարքերում: Իմ ծրագիրն այն է, որ Փաստաբանների պալատում յուրային և օտար չլինի. բոլորը յուրային են: Յուրաքանչյուր փաստաբան պետք է իմանա, որ որևէ խնդրի առաջ կանգնելու դեպքում պալատը նրան սատար է կանգնելու: Ոչ թե շոուի է վերածելու, թե իբր օգնելու է, ոնց որ ներկայիս պալատի նախագահն է կատարում, բայց ոչ մի խնդրի էլ լուծում չի տալիս: Փաստաբանների պալատը պետք է դարձնել այնպիսի կուռ համակարգ, որը հարգանքի արժանի լինի բոլոր կառույցների կողմից:
– Ինչո՞վ է Ձեր նախընտրական ծրագիրը տարբերվում պալատ նախագահի մյուս թեկնածուների ծրագրերից:
-Ուսումնասիրել եմ Արա Զոհրաբյանի և Տիգրան Աթանեսյանի ծրագրերը: Նրանց ծրագրերում բավականին լավ ուղղություններ կան, սակայն մեծ կասկած է հարուցում, թե այդ խնդիրներն իրենց աշխատած տարիներին են ի հայտ եկել, թե դրանք ուղղակի գեղեցիկ արտահայտություններ են, որոնք միայն ընտրությունների ժամանակ պետք է օգտագործեն և մոռացության տրվեն: Իսկ Աշոտ Թադևոսյանի մասին միայն գիտեմ, որ առաջադրվել է. նույնիսկ նպատակը չգիտեմ այդ անձի առաջադրման:
– Ինչպե՞ս եք սկսել և անցկացնելու նախընտրական քարոզարշավը:
– Հանդիպումներ եմ ունենում փաստաբանների հետ, հատկապես մարզային կառույցներում, ծանոթանում եմ նրանց առկա խնդիրներին, միասին մտածում ենք կոնկրետ ծրագիր, որ ընտրվելու դեպքում հասնեմ նրան, որ այդ խնդիրները լուծում ստանան:
-Հետևո՞ւմ եք մյուս թեկնածուների նախընտրական քարոզարշավին:
– Մամուլի հրապարակումներով: Քիչ թե շատ փորձում են կոռեկտությունը պահել և համոզված են, որ եթե այդպես շարունակվի, նորմալ կլինի:
-Առաջիկայում կայանալիք ընտրություններին ո՞ւմ եք տեսնում Ձեզ համար լուրջ մրցակից:
-Ես ինձ համար լուրջ մրցակից եմ համարում Արա Զոհրաբյանին:
– Ամենակարևոր հարցը` ինչո՞ւ պետք է փաստաբանները հենց Ձեզ ընտրեն:
-Որովհետև ես փորձելու եմ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են բոլոր փաստաբանների առջև, որոնց մասին ես գիտեմ, առնչվել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում և հստակ գիտեմ դրանց լուծման ճանապարհները:
– Որո՞ նք են պալատի առաջ ծառացած ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք ընտրվելու դեպքում պետք է լուծեք:
-Անկախ նրանից, թե ով ինձ ձայն կտա, կամ չի տա, միանշանակ բոլորը լինելու են համահավասար վիճակում և փորձելու եմ ստեղծել մեծ աշխատանքային խումբ և փորձենք լուծում տալ բոլոր այն խնդիրներին, որոնք այսօր առկա են Փաստաբանների պալատի առջև:
– Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու փաստաբանների դերը բարձրացնելու համար:
-Եթե պալատը սատարի յուրաքանչյուր փաստաբանի, ապա համոզված եմ, որ կմեծանա փաստաբանների և Փաստաբանների պալատի դերը: Այսինքն` եթե որևէ մարմին, կառույց իմանա, որ որևէ փաստաբանի վիրավորելու, խոչընդոտելու դեպքում պալատն ահազանգելու է և լուծում է պահանջելու, այդ առաջացած խնդրի կապակցությամբ, համոզված եմ, որ պալատը հարգանքի կարժանանա բոլոր կառույցների կողմից, ինչը ներկայիս փուլում չկա:
– Չընտրվելու դեպքում պատրա՞ստ եք շնորհավորել հաղթող թեկնածուին, իսկ ընտրվելու դեպքում` համագործակցել մյուս թեկնածուների հետ և օգտագործել նրանց պոտենցիալը:
– Միանշանակ, չընտրվելու դեպքում ես ցավագին չեմ տանի, միայն թե ընտրությունը լինի արդար և թափանցիկ: Այո, ընտրվելու դեպքում, միանշանակ կօգտագործեմ:
– Հաջողություն ենք մաղթում Ձեզ:
– Շնորհակալություն:
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ի և կավարտվի սեպտեմբերի 13-ին:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն`Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:
Կարդացեք նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանի հարցազրույցը:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net