«Սաղ գողերի դեմքերն էլ նույն են էլի». տուժողը

Այսօր` հունվարի 25-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց գողության և ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող Հ. Հակոբյանի, Ս. Այվազյանի, Մ. Մարտիրոսյանի քրեական գործով դատաքննությունը: Նրանք մեղադրվում են նախնական համաձայնության գալով տարբեր քաղաքացիներից գողություն կատարելու մեջ: Բացի այդ Հ. Հակոբյանը 2012թ. հուլիսի 18-ին գիշերը, ինքնությունը չպարզված անձի հետ, դիմակավորված, զինված ավազակային հարձակում են կատարել Ջ. Հովհաննիսյանի վրա, հափշտակել ոսկյա զարդեր, տարբեր իրեր Ջ. Հովհաննիսյանին պատճառելով 1.700.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

 

Այսօր հարցաքննվեցին տուժողները, ովքեր նախորդ դատական նիստին չէին ներկայացել և դատարանի կողմից որոշում էր կայացվել վերջիններիս բերման ենթարկել:

 

Դատարանի այն հարցին թե տուժողը ճանաչում է արդյոք ամբաստանյալներին, վերջինս վրդովված պատասխանեց. «Սաղ գողերի դեմքերն էլ նույն են էլի»: Իսկ երբ դատարանը ամբաստանյալներին հարցնում էր թե արդյոք տուժողները ճիշտ են ասում` վերջիններս փորձում էին հիշել և հարցնում էին բնակարանի հասցեն, ախր այնքան շատ էին գողություններ կատարել, որ չէին կողմնորոշվում, թե ում տնից ինչ են տարել, այնուամենայնիվ պատասխանում էին. «Դե որ ասում են, ուրեմն ճիշտ է էլի»:

 

Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Նշենք, որ սույն քրեական գործով առկա է թվով 18 տուժող:

 

Դատական նիստին չէր ներկայացել Ջ. Հովհաննիսյանը, ում նկատմամբ կատարվել էր ավազակային հարձակում և դատարանը որոշում կայացրեց վերջինիս բերման ենթարկել հաջորդ դատական նիստին նրա ներկայությունը ապահովելու համար:
Հերթական դատական նիստ նշանակվեց սույն թվականի փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել