Ո՞ր դեպքում փաստաբանը պետք է հրաժարվի հանձնարարությունն ընդունելուց

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է այն բոլոր դեպքերը, որոնք բացառում են փաստաբանի կողմից հանձնարարության ընդունումը։ Հակառակ դեպքում փաստաբանը կենթարկվի կարգապահական պատասխանատվության։

Համաձայն փաստաբանի վարքագծի կանոնագիրքի 3․2 կետի՝

3.2.1 Փաստաբանն իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, եթե տվյալ գործով մասնակցող պաշտոնատար անձի հետ գտնվում է ազգակցական կապի մեջ:

3.2.2 Փաստաբանն իրավունք չունի իրավական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի վստահորդի նույն հարցով, եթե նրանց շահերի միջև հակասություն կա: Նշված դեպքում փաստաբանը հանձնարարությունը կարող է ընդունել միայն վստահորդի գրավոր համաձայնության պայմանով (այս պայմանը համարվում է պահպանված նաև փաստաբանի (փաստաբանական գրասենյակի) և վստահորդի միջև կնքված պայմանագրում համապատասխան վերապահում կատարված լինելու դեպքում): Այն դեպքում, երբ փաստաբանի վստահորդը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական հիմնարկ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություն, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություն է, ապա փաստաբանը (փաստաբանական գրասենյակը) կարող է այդ սուբյեկտի դեմ ներկայացնել իր վստահորդի շահերը, բացառությամբ, երբ` (1) ներկայացվող նոր գործն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է նախկին գործի կամ դրա որոշ էական հանգամանքների հետ, կամ (2) փաստաբանի (փաստաբանական գրասենյակի) և նախորդ վստահորդի միջև կնքված պայմանագրում նախատեսվել է սահմանափակում` ապագայում այդ վստահորդի դեմ որևէ գործ ներկայացնելու վերաբերյալ:

3.2.3 Այն դեպքում, երբ փաստաբանը վստահորդի գործը վերցրել է ուսումնասիրելու համար, որից հետո վստահորդի հետ համաձայնության չեն եկել ծառայություն մատուցելու հարցի կապակցությամբ, իսկ հետագայում փաստաբանին է դիմել այդ գործով հակառակորդ կողմը, ապա փաստաբանը պարտավոր է ղեկավարվել Կանոնագրքի 3.2.2 կետով, բացառությամբ 3.2.4 կետում նշված դեպքերի:

3.2.4 Կանոնագրքի 3.2.3 կետում նշված դեպքում, փաստաբանը կարող է վստահորդի գործը վերցնել, եթե պարզում է, որ` – նախորդ վստահորդի դերում հանդես եկած անձը դիտավորյալ է դիմել փաստաբանին, Կանոնագրքի 3.2.2 կետում նշված այդ գործով զբաղվելը բացառող հանգամանքներ ստեղծելու համար. – նախորդ վստահորդը նույն կերպ դիմել է տվյալ գործի ոլորտում մասնագիտացում ունեցող այլ փաստաբանների` դիմելու պահին որևէ փաստաբանի հետ փաստացի համագործակցություն ունենալու պայմանում. – նախկին վստահորդը փաստաբանին չի հայտնել գաղտնի տեղեկություններ, իսկ հաղորդած տեղեկությունները հանրամատչելի են եղել. – փաստաբանը իրավաբանական օգնություն ցույց չի տվել վստահորդին: Սույն ենթակետում նշված հնարավորությունը չի գործում, եթե փաստաբանը նախկին վստահորդից գործին ծանոթանալու համար հոնորար է ստացել:

3.2.5 Փաստաբանն իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, նաև Օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3.2.6 Փաստաբանը չի կարող միևնույն գործի վերաբերյալ խորհուրդ տալ, ներկայացնել կամ գործել երկու կամ ավելի վստահորդների անունից, եթե վստահորդների միջև առկա է շահերի հակասության վտանգ։

3.2.7 Փաստաբանը պետք է դադարեցնի գործել երկուսի կամ բոլոր շահագրգիռ կողմերի օգտին, երբ վստահորդների միջև ծագում է շահերի հակասություն և երբ առկա է վստահված գաղտնիքի բացահայտման վտանգ կամ երբ փաստաբանի անկախությունը կարող է սահմանափակվել։

3.2.8. Փաստաբանը պետք է հրաժարվի նոր վստահորդի օգտին գործել, եթե առկա է նախորդ վստահորդի կողմից վստահված գաղտնիքի բացահայտման վտանգ, կամ եթե այն տեղեկատվությունը, որին տիրապետում է փաստաբանը նախորդ վստահորդի վերաբերյալ, կարող է անբարեխիղճ արտոնություն ստեղծել նոր վստահորդի համար։ 3.2.9 Սույն կետի իմաստով սահմանափակումները գործում են նույնիսկ այն դեպքում, երբ նախկին և նոր վստահորդներին փաստաբանական ծառայություն են մատուցել (մատուցում) նույն փաստաբանական գրասենյակի տարբեր փաստաբաններ: Փաստաբանական գրասենյակի փաստաբանի կարգավիճակ ունեցող տնօրենը պարտավոր է չթույլատրել այսպիսի իրավիճակներ: Սույն ենթակետում նշված դեպքում պատասխանատվության կարող են ենթարկվել նույն փաստաբանական գրասենյակի գործին մասնակցող փաստաբանները, ինչպես նաև փաստաբանական գրասենյակի տնօրեն հանդիսացող փաստաբանը` ելնելով նշված սահմանափակման վերաբերյալ նրանց իրազեկված լինելու հանգամանքից:

3.2.10 Պալատի խորհրդի կողմից փաստաբանին սույն կետով նախատեսված խախտման համար պատասխանատվության ենթարկելուց հետո, տվյալ վստահորդի շահերը կրկին ներկայացնելու կամ շահերի ներկայացման գործողությունները չդադարեցնելու արարքը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել