ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, թե ով կարող է դառնալ ԱԺ պատգամավոր և ինչ չափանիշներ են ներկայացվում պատգամավորի թեկնածուին։ Այսպիսով՝
1. ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
2. Քաղաքացին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
3. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան: