«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Արա Մինասյանը պահանջ է ներկայացրել, որպեսզի նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։

Իրավաբան․net-ի հետ զրույցում առողջապահության նախարարը հայտնեց, որ հայցի մասին իմացել են մամուլի հրապարակումներից և իրենց ոչ մի ծանուցում չի ներկայացվել։

«Այդ փաստն ինքնին զարմանալի է։ Այդ մասին իմացել ենք այսօր՝ մամուլից։ Մեզ համար շատ զարմանալի է, երբ պատասխանող կողմը չիմանալով դատական հայցի մասին, չստանալով որևէ ծանուցում, մամուլում դրա մասին արդեն գրում են։ Ես կարող եմ ասել, որ զրպարտություն չի եղել, եթե դատական նիստերը կայանան այդ ամեն ինչը նիստերի ժամանակ կներկայացվի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Արա Մինասյանի փաստաբան Վահագն Գրիգորյան

Արա Մինասյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին գործի հետ կապված մանրամասներ չի կարող հայտնել։ «Դատական հայցը ներկայացրել ենք օգոստոսի 24-ին»,-նշեց փաստաբանը։

Հավելենք, որ դատական նիստը նախագահելու է դատավոր Սարգիս Երիցյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։

Հուլիսի 27-ին առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, Արա Մինասյանին աշխատանքից ազատելու մասին։ 

Ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի՝ ԲԿ-ի բժիշկները բողոքի ակցիա էին իրականացրել ու նույն օրը հանդիպում պահանջել նախարարի հետ։

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել էր, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել