«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին բողոքի ակցիա է ընթանում։ Մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ:

Բժկական կենտրոնի դիագնոստիկայի ղեկավար Արման Գրիգոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ԲԿ-ի աշխատակիցները դեմ են, որ իրենց տնօրենն ազատվի աշխատանքից։

«Մենք ուզում ենք, որ անպատասխանատու հայտարարություններ չանեն, մենք մեր տնօրենին ուզում ենք պահել, որովհետև ինքն աշխատող մասնագետ է, լավ ղեկավար, խելացի է։ Արդեն 3 ամիս է մեզ խանգարում են։ Մենք ցանկանում ենք նորմալ շփվենք մեր հիվանդների հետ։ Վիրաբույժը վիրահատարան մտնելուց պետք է հանգիստ լինի, իսկ մեզ դարձրել են թիրախավորված կետ»,-ասաց Արման Գրիգոյանը։

Նա նշում է, որ բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ անձնակազմը շարունակում է իր աշխատանքը։ Իսկ մյուս բժիշկները, ովքեր պետք է աշխատանքից հետո տուն գնային, կամ արձակուրդի՝ մնացել ու իրենց բողոքն են արտահայտում։

Ակցիայի մասնակիցներին է միացել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նա ներողություն խնդրեց հիվանդանոցում բուժում ստացող քաղաքացիներից՝ աղմուկի համար։ Նա նշեց, որ նման քայերը անձնապես թիրախավորված չեն և ըստ իրեն՝ այլ նպատակներ են հետապնդում։

Առողջապահության նախարարությունը հայտարություն էր տարածել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:

Արման Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում դա այդքան էլ այդպես չէ, ու շատ ժամանակ պետական պատվերը չի բավարարում քաղաքացիներին սպասարկելու համար։

Հավելենք, որ բուժանձնակազմը բժշկական կենտրոն է հրավիրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Այժմ, նրանք սպասում են նախարարի արձագանքին։ Արսեն Թորոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել