Մինչև 2 միլիոն դրամի տուգանք՝ այս գործունեություններն առանց համապատասխան թույլտվության իրականացնելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․16 հոդվածը սահմանում է առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը։

Այսպիսով, առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:

Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

Սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը և (կամ) մատուցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրավառությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար երեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, և համայնքի ղեկավարի կողմից տրված տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլտվությունից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

Սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ և այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել