Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

 Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (հատուցում անարդարացի դատապարտման համար):

Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

 Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել