Ամուսնու կողմից կնոջը ծեծելու դեպքերի համար օրենքն առանձնահատկություններ նախատեսում է, թե՞ ոչ

Ծեծելը, բռնի գործողություններ կատարելը կամ անձի առողջությանը վնաս պատճառելը հանցագործություններ են: Նշված հանցագործությունները կատարած անձինք հավասար են օրենքի առջև, այդ անձանց համար օրենքը որևէ բացառություն չի նախատեսում, այդ թվում նաև այն հիմքով, որ արարքը կատարողը հանդիսանում է տուժողի ամուսինը: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ քննությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

Վերոգրյալը բխում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված օրենքի առջև հավասարության սկզբունքից, որը սահմանում է, որ հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներ կիրառելու հնարավորություն, սակայն նույն հոդվածը սահմանում է, որ այդ միջոցների կիրառումը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելուն և քրեական հետապնդում իրականացնելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել