Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի՝
Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը, իրականացնում է դրանց պաշտպանությունը:
Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:
Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա: Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:
Ներկայացուցչությունները, որպես կանոն, ստեղծվում են այն վայրերում, որտեղ ընկերությունը մշտապես գործարքներ կնքելու, արտադրանք իրացնելու կամ ձեռք բերելու, կամ սեփական շահերը պաշտպանելու անհրաժեշտություն ունի։
Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն միմյանցից տարբերվում են իրականացվող գործունեությամբ։ Ներկայացուցչությունը քաղաքացիական շրջանառությունում հանդես է գալիս ընկերության անունից՝ ներկայացնելով և պաշտպանելով նրա շահերը։ Մինչդեռ մասնաճյուղի գործունեության ոլորտն ավելի մեծ է։ Այն ընկերությունը ներկայացնելուց և պաշտպանելուց զատ, հիմնականում իրականացնում է ընկերության գործառույթները՝ ամբողջությամբ կամ մասամբ։