Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին

«ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների ցանկը:
Այսպես,

  • Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, կոնցերտմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` ցուցաբերած վարպետության, բարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի ականավոր գործիչներին` գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման, ինչպես նաև բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, համընդհանուր ճանաչում ունենալու և ծանրակշիռ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական աշխատողներին` արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ճարտարապետության բնագավառում մեծ վաստակ ունեցող ճարտարապետներին՝ ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ունեցած ստեղծարար գործունեության, համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի և շինությունների ստեղծման, ճարտարապետական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարներին, ինչպես նաև շինարարական, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներին` շինարարության զարգացման գործում ունեցած զգալի ներդրման, շենքերի և շինությունների կառուցման, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցաբերած բժիշկներին` առողջապահության, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբանության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչներին և գեղարվեստական արհեստագործության վարպետներին՝ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին և արվեստի մյուս գործիչներին՝ տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, խմբերգային, երաժշտական, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, բեմադրիչներին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, լրագրողներին, գրականության և մշակույթի զարգացման բնագավառներում աչքի ընկնող և վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների և մշակույթի այլ աշխատողներին՝ արժեքավոր ստեղծագործությունների, բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած նշանակալի հաջողությունների և ակնառու վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, խմբագրական այլ աշխատողներին՝ ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը շնորհվում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի բնագավառներում առնվազն 15 տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` արդյունավետ տնտեսական գործունեության, կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործիչներին, աշխատողներին, մարզիչներին և մարզիկներին՝ հայրենի սպորտի զարգացումը խթանելու, միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում մարզիկների ձեռքբերումներին և նվաճումներին նպաստելու, բարձրակարգ մարզական կադրեր պատրաստելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում գիտամանկավարժական, մեթոդական, կազմակերպական ակնառու գործունեություն ծավալելու, մանկապատանեկան սպորտի զարգացման, բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպման գործում ունեցած վաստակի համար:
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվներին՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել