Հուլիսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել էր իր հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել էր Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը, հաստատումը և ընտրությունը։
Խորհուրդը զրույցի էր հրավիրել 3 ցուցակներում ընդգրկված դատավորի 40 թեկնածուների:
ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում՝ Խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացել էին՝ քաղաքացիական մասնագիտացման համար՝ Նարեկ Գաբրիելյանը, Կարեն Համբարձումյանը, Դավիթ Սերոբյանը, իսկ քրեական մասնագիտացման համար՝ Լուսինե Հովհաննիսյանը։
Ավելի ուշ՝ հուլիսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել Վերաքննիչ դատարաններում դատավորներ նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ, որում քրեական մասնագիտացման համար դատավորի թեկնածու ընտրված Լուսինե Հովհաննիսյանը դուրս էր մնացել թեկնածուների ցանկից։
Իրավաբան.net-ը կապ հաստատեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչու՞ է թեկանծուների կազմը փոխվել։
«Թեկնածուներին ընտրելուց հետո կա հաստատման գործընթաց, և Դատական օրենսգրքի համաձայն, նորից, փակ քվեարկությամբ պետք է դատավորների թեկնածուները հաստատվեին։ Օրենսգրքի 107-րդ հոդվածի (հարցազրույց անցկացնելու համար նյութեր նախապատրաստելը) 5-րդ կետի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա պարտականություն է դրված, որ կազմված ցուցակների հրապարակումներից հետո` երկշաբաթյա ժամկետում ԲԴԽ-ին պետք է գրավոր հայտնեն, եթե նրանք տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որ կասկած է հարուցում դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը։
107-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է տվյալ դատավորի թեկնածուի հավակնորդի վերաբերյալ փաստաթղթավորված այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, կարող է հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:
Հայկ Հովհաննիսյանը նշում է, որ Դատական օրենսգիրքն իրավուքն է տալիս առանց գրավոր քննություն անցկացնելու՝ միայն հարցազրույցով, իրավագիտության թեկնածուի աստիճան ունեցողներին և դասախոսներին ներգրավել հավակնորդների նշված ցուցակներում։
«Եթե առկա են փաստաթղթավորված տեղեկություններ այն մասին, որ տվյալ անձը կարող է անարդյունավետ գործել կամ մեկ այլ բան՝ պետք է այդ մասին ԲԴԽ-ին տեղյակ պահեն։ Սա արված է նրա համար, որ քաղաքացիական հասարակությունն էլ ունենա ակտիվ դեր, լինի փոխզսպումների մեխանիզմ»,-նշեց նա։
Այսպիսով, դատավորների թեկնածուների կազմի հատատման ժամանկ միայն քրեական մասնագիտացման հետ կապված Լուսինե Հովհաննիսյանի թեկնածությունը չի հաստատվել։
Մեր այն հարցին, թե ի՞նչ խախտում կամ անհամապատասխանություն կա նշված թեկնածուի հետ կապված, ԲԴԽ անդամը նշեց, որ խախտում կամ անհապատասխանություն չի եղել «Օրենքում օգտագործվում է «դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ» եզրույթ։ Մենք լրացուցիչ նայեցինք, որ մեկ անգամ գրավոր քննության փուլը չէր հաղթահարել և թեկնածուն բողոքարկել էր իր գրավոր քննության արդյունքները և մոտ 12 էջանոց բողոքարկման արդյունքներ էր ներկայացրել բողոքարկման հանձնաժողովը և ընդամենը 1 միավորով ավելացվել էր գնահատականը և նշում կար, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել Վարչական դատարան, ինչը չէր արվել»,-ասաց նա։
Նշենք, որ այսպիսով դատավորների թեկնածուների ցուցակն այսպիսով հաստատված և վերջնական է, ըստ որի քաղաքացիական մասնագիտացման համար դատավորի թեկնածու են ընտրվել Նարեկ Գաբրիելյանը, Կարեն Համբարձումյանը, Դավիթ Սերոբյանը։