ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել հայտնի անձանց պատկանող գազալցակայններում տեղի ունեցած խախտումների տեղեկության մասին

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերին` հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին:

Կցանկանայինք նշել, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզիկական անձանց, ինչի վերաբերյալ պետական հաշվառումն ու գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Վերոնշյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա, հետևաբար, նման տեղեկատվությունը, առկայության պարագայում, կտրամադրվի քրեական գործի քննության համապատասխան փուլում»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ թեպետ իր հետ մոռացել է վերցնել այն ցուցակը, թե գազալցակայաններից յուրաքանչյուրն ում է պատկանում կամ ում հետ է փոխկապակցված, այնուամենայնիվ, կարող է որոշ անուններ հայտնել, թե դրանք ում են պատկանում։

«Օրինակ Մհեր Սեդրակյան կարող եմ ասել, դա հիշում եմ ուղղակի, Ղազարյանին պատկանող, Վարդան Հարությունյանին պատկանող (ՊԵԿ նախկին նախագահ)։ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում կատարվող չափագրումը մոտ 15 միլիոն դրամի մասին է խոսքը, ամենաքիչն է Մհեր Սեդրակյանին պատկանողը»,- ասել էր Դավիթ Անանյանը։

Նա նշել էր նաև, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանում ևս խախտումներ եղել են։

Ասուլիսի այդ հատվածը՝ տեսեք տեսանյութում․

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել