Գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1)այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2)խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3)պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4)պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:
Գործին մասնակցող անձանց մի մասի կողմից հաշտության համաձայնություն ձևակերպելու և ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող այդ անձանց մասով կարող է առանձնացնել գործի վարույթը և գործի առանձնացված մասով կայացնել վճիռ` գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 51 հոդված