Վերջին օրերին դատարանների շենքի մոտ հանդիպում են դատավորների դեմ բողոքի, նրանց պաշտոնից ազատման պահանջով գրություններ: Օրինակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ մի մեքենայի վրա պաստառներ կան, որոնց վրա պատկերված է քրեական գործեր քննող դատավոր Գագիկ Պողոսյանի լուսանկարը՝ «Հեռացիր» մակագրությամբ:
Ներկայացնում ենք դատավորների նշանակման և պաշտոնից ազատվելու կարգը:
Նշանակումը
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ և 129-րդ հոդվածների համաձայն՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրաիրավական օրենքի 143-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ դատարանի դատավորին նշանակում է հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովի ներկայացմամբ:
Դատավորի լիազորությունների դադարումը
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի համաձայն դատավորի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում՝
1) նա հրաժարական է ներկայացնում.
2) լրացել է նրա 65 տարին.
3)նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
6) նա մահացել է:
ՀՀ դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝
- Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդում է գլխավոր դատախազը:
- Գլխավոր դատախազը միջնորդությանը կից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալումասինմիջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:
- Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով գլխավոր դատախազի միջնորդությունն ստանալու դեպքում անհապաղ հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
Նշենք նաև, որ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, դատավորը ապաքաղաքական սուբյեկտ է, որի անկախության երաշխիքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածների համաձայն` դատավորն անկախ է, իսկ արդարադատության իրականացմանը միջամտելն արգելվում է: