Ո՞ր մարմինն է վերահսկում դատապարտյալի կողմից տուգանքի կատարումը

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝

  1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
  2. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության պլանը կազմվում է դատական ակտի հիման վրա տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքերում: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:
  3. Դատապարտյալը պարտավոր է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տարածքային մարմին:
  4. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
  5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը: Տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
  6. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:
  7. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն):
  8. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել