Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով, որով կսահմանվեն շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությանը ներկայացվող պահանջները:
Շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված վայրերում:
Ցանկացած անձ, ով ցանկանում է զբաղվել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է նախքան գործունեություն իրականացնելը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին, նշելով նախատեսվող գործունեության իրականացման վայր(եր)ը և վաճառքի համար նախատեսված ապրանքները:
Շրջիկ առևտրի կետի միջոցով սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` տարանջատված մեկուսամասերում:
Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:
Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների), ինչպես նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ: