Հոգեկան խիստ հուզմունքը հոգեբուժական և հոգեբանական մասնագիտական գրականության մեջ ընդունված է անվանել աֆեկտ, որ նշանակում է ուժեղ գրգիռից հանկարծակի առաջացող և բուռն կերպով ընթացող կարճատև հույզ: Այդ հուզմունքի հետևանքով զգալիորեն թուլանում են մարդու ինքնահսկողության, ներքին արգելակման, որոշակի իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվելու կարողությունները: Այսինքն, վերը թվարկածից կարող ենք եզրակացնել, որ տվյալ դեպքում մարդը զրկվում է իր արարքի հետևանքները խելամիտ և բազմակողմանիորեն կշռադատելու հնարավորությունից, խախտվում է նրա հոգեկան հավասարակշռությունը :
Մասնագիտական գրականության մեջ ընդունված է տարբերել աֆեկտի ֆիզոլոգիական և պաթալոգիական տեսակները:
Ֆիզիոլոգիական աֆեկտը հատուկ է հոգեպես առողջ յուրաքանչյուր մարդուն, այն հանկարծակիորեն առաջացող և արագ ընթացող հոգեկան խիստ հուզմունքի վիճակ է, որը չի զրկում մարդուն իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից:
Պաթոլոգիական աֆեկտը մարդու գիտակցությունը խորապես մթագնող հոգեկան հիվանդություն է, որի հետևանքով նա կորցնում է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանք ղեկավարելու ընդունակությունը:
Հետևապես, եթե ֆիզիոլոգիական աֆեկտի ժամանակ մարդը համարվում է մեղսունակ, ապա պաթոլոգիականի դեպքում նա դառնում է անմեղսունակ, ինչն էլ բացառում է նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Միևնույն ժամանակ, ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում կատարված բոլոր հանացանքների կապակցությամբ չէ, որ քրեական օրենքը ցուցաբերում է միատեսակ մոտեցում: Հոգեկան խիստ հուզմունքի վիճակը կարող է դիտվել որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք կամ արտոնյալ պայմաններով պատասխանատվության ենթարկելու հիմք միայն այն դեպքերում, երբ առաջանում է տուժողի կողմից գործադրված հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների «անգործության» հետևանքով:
Շատ կարևոր է այն հանգամանքը, որպեսզի կարողանանք տարբերակել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության դեպքում «տուժող» հասկացությունը: Անձին տուժող ճանաչելու` դատավարական ինստիտուտի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ տուժող կարող է ճանաչվել միայն այն անձը, որին հանցագործությամբ վնաս է հասցվել անմիջականորեն:
Բնական է, որ ոչ բոլոր հանցագործություններում է տուժողին բնորոշ հատկանիշները համընկնում, այսինքն, այստեղ տուժող պետք է համարվի այն անձը, որի կողմից գործադրված բռնությունը, ծաղրուծանակը, ծանր վիրավորանքը կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողությունները (անգործությունը) կամ նրա կողմից դրսևորված հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագիծը կարող են հոգեկան խիստ հուզմունք կամ երկարատև հոգեճնշող վիճակ կարող են առաջացնել հանցավորի մոտ: