Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 21-ին, տեղի ունեցավ գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը նշեց, որ Հայաստանում քննչական կոմիտեի ձևավորման պահից մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվել անչափահասների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությունը։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարվող հանցավորության ընդհանուր վիճակը, համացանցում կատարվող հանցագործություններին՝ մահվան խմբեր, սեռական բռնություն և այլն, անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխման ոլորտում օրինաստեղծ գործունեությանը ինչպես նաև՝ մանկահասակ հանցագործությունների նկատմամբ օրենսդրության մարդասիրականացման, սեռական բռնության զոհ-երեխաների հոգեբանական վերականգնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Աղվան Հովսեփյանը նաև ներկայացրեց, որ վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում։ Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, անազտության դեմ ուղղված հանցագործություններ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՔԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015-17 թթ-ի ընթացքում Հայաստանում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ։ «Անգամ այս մեկ տոկոսը բավականին մեծ թիվ է Հայաստանի համար։ Եթե մենք վերցնենք զուտ երեխաների առումով, ապա 267 քրեական գործ՝ 2017թ-ին, և 200 գրեական գործ՝ 2016թ-ին, դա արդեն էական տարբերություն է կազմում։ Առաջին տեղում սեռական հանցագործություններն են, երկրորդ տեղում՝ առողջության դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես, ծանր մարմնական վնասվածքները, ծեծերը, որ իրականացվում են երեխաների նկատմամբ, երրորդ տեղում՝ երեխաների ազատության դեմ ուղղված հանցագործություններն են, իսկ չորրորդ տեղում սպանություններն են, ներառյալ՝ կյանքի դեմ ուղղված հանցագործությունները, սպանությունները, անզգուշությամբ մահ հասցնելը կամ ինքնասպանության հասցնելը»,-ասաց Դավիթ Թումասյանը։
Նա նաև նշում է, որ երեխաների հետ կապված սեռական հանցագործությունների մասին շատ ժամանակ անգամ ընտանիքները չեն ցանկանում բարձրաձայն, քանի որ հատկապես մարզերում, եթե որևէ երեխա սեռական բռնության է ենթարկվում, ապա ընտանիքը լռում է, որովհետև իրենց համար դա բիծ է դառնում ողջ ընտանիքի համար, և կարող է պիտակավորվել թե՛ հարևանների, թե՛ բարեկամների կողմից։
2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս):
Այս վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարի նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, և փաստում սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը։
Նման հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան։
Ալիսա Չիլինգարյան
Ալեքսանդր Սարգսյան