ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Լյուդվիգ Դավթյան
Հուլիս 2006թ.
Հասարակական հարաբերությունների պատշաճ կարգավորման, արդարադատության արդյունավետ իրականացման և մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունի իրավական դրույթների պարզությունն ու հստակությունը, դրանց ճիշտ ընկալումն ու մեկնաբանումը: Պատահական չէ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հuտակ և մատչելի: Իրավական ակտերում չի թույլատրվում հնացած և բազմիմաuտ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաuտով բառերի կամ արտահայտությունների, թաքնված ենթատեքuտերի, ինչպեu նաև oտարալեզու տերմինների անհարկի oգտագործումը: Իրավական ակտում բազմիմաuտ բառ oգտագործվելու դեպքում պետք է uահմանվի, թե բառը որ իմաuտով է oգտագործվում:
Իրավական դրույթների պարզության և դրանց ճիշտ ընկալման տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում քննարկել «օրենքի հիման վրա» և «օրենքով սահմանված կարգով» հասկացությունների տարբերությունն ու դրանց հարաբերակցությունը: Այսպես, երբ որևէ օրենքում օգտագործվում է «օրենքի հիման վրա» հասկացությունը, ապա ի նկատի է ունեցվում, որ, ելնելով կարգավորվող հարաբերության մի շարք էական առանձնահատկություններից, այն պետք է կարգավորվի միայն օրենքով՝ լինելով առավել կարևոր, բնորոշ և կայուն հաuարակական հարաբերություն: Այսինքն՝ «օրենքի հիման վրա» ձևակերպումը խիստ սահմանափակում է որևէ այլ կերպ այդ հարաբերությունը կարգավորելու հնարավորությունը, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այն կարգավորելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից ընդունել օրենք՝ որպես տվյալ հարաբերությունը կարգավորող միակ իրավական հիմք:
Ինչ վերաբերում է «օրենքով սահմանված կարգով» եզրույթին, ապա ակնհայտ է, որ այստեղ խոսքը գնում է այնպիսի մի օրենքի մասին, որն ամրագրում է նախատեսված հարաբերությունները կարգավորելու կարգը: «Օրենքով սահմանված կարգով» տերմինի օգտագործմամբ օրենսդիրը պարտավորություն է ստանձնում առանձին օրենքով մանրամասն սահմանել նաև համապատասխան հարաբերությունների կարգավորման կարգն ու պայմանները: Այսինքն՝ եթե որևէ օրենք որոշակի հարաբերություններ կարգավորելու նպատակով հղում է կատարում մեկ այլ օրենքի վրա՝ օգտագործելով «օրենքով սահմանված կարգով» ձևակերպումը, նշանակում է՝ այդ հարաբերությունների մանրամասն կարգավորումը թողնված է օրենքին: Ընդ որում, վերջինը պետք է սահմանի այն կարգը, որով կկարգավորվի այդ հարաբերությունը:
Քննարկվող հասկացությունների տարբերությունը առավել ամբողջական և համապարփակ ձևով պարզաբանել է ՀՀ Սահմանադրական դատարանը՝ հասարակության կամ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին իր առանձին որոշումներում: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանի 1998 թ.-ի փետրվարի 27-ի թիվ 92 որոշման 6-րդ կետի 4-րդ մասի համաձայն, «օրենքի հիման վրա» աuելով, պետք է նկատի ունենալ ոչ թե նորմատիվ իրավական ակտ, որը կարգավորում է անձի uեփականության oտարման կազմակերպական և իրավական գործընթացն ընդհանրապեu, այլ oրենք, որով իրականացվում է uեփականության oտարումը: Բացի դրանից, ՀՀ Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2006 թ.-ի ապրիլի 18-ի թիվ 630 որոշմամբ ամրագրել է, որ օրենքը պետք է uահմանի հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման կարգը, որոշակիացնելով՝ ա) oտարելու մաuին որոշում կայացնող պետական մարմինը, բ) oտարվող uեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման ապահովման կարգը, գ) գույքն oտարելու մաuին որոշման բողոքարկման, ինչպեu նաև հատուցման գնի, ժամկետների, այլ համարժեք փոխհատուցում տալու և դրանց հետ կապված մյուu պայմանների շուրջ համաձայնության չգալու դեպքում գույքի oտարման կարգը և այլն:
Այսպիսով՝ «օրենքի հիման վրա» և «օրենքով սահմանված կարգով» հասկացությունների միջև կա էական տարբերություն և դրանք մեկը մյուսի փոխարեն կիրառելը կամ որպես հոմանիշներ օգտագործելը, մեր կարծիքով, սխալ է: