Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը:
Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։
Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ներկայացրեց իր պաշտպանյալի կողմից գրված միջնորդությունը՝ վկա Աննա Միսակյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարից կատարված զանգերը վերծանելու վերաբերյալ: Նա պատճառաբանեց, որ այդ հեռախոսահամարը գրանցված է եղել Աննա Միսակյանի մոր անունով, սակայն զանգերը կատարել է Աննան: Պաշտպանը կարևոր համարեց այդ միջնորդությունն այնքանով, որ, իր պաշտպանյալի պնդմամբ, այդ հեռախոսահամարով Աննա Միսակյանը կարող էր զանգեր կատարած լինել այլ անձանց, այլ համարների, որոնք կարող են անմիջական և անուղղակի կապ ունենալ կատարված հանցագործության հետ:
Պաշտպանը ևս մեկ դիտարկում արեց․ Աննա Միսակյանը պարբերաբար նշել է, թե վախենում է Մուշեղից, վախի մթնոլորտում է եղել, սակայն դրա մասին ավելորդ է խոսել, քանի որ նա երկար ժամանակ ճանաչել է Մուշեղին:
Մեղադրող դատախազ Սաֆարյանն ասաց, որ Աննա Միսակյանը երբեք էլ չի ժխտել իր կապը Մուշեղ Մխիթարյանի հետ և այն հանգմանքը, և միջնորդության մեջ չի նշվել, թե Աննան մասնավորապես ում, ինչ մարդկանց կարող էր զանգել։ Դատախազն առարկեց միջնորդության դեմ։ Նրան միացավ նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թամար Բաղդասարյանը։
Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, մերժեց միջնորդությունը։
Պաշտպանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը: Մասնավորապես նշեց, որ իր պաշտպանյալը անհամաձայանություն էր հայտնել դատաբժշկական փորձաքննության հետ: Հավելեց՝ ինքը լավ գիտի իր վիճակը և գիժ չէ:
«Մուշեղ Մխիթարյանը դատարանից խնդրում է նշանակել ևս մեկ փորձաքննություն, սակայն այս անգամ ամբուլատոր՝ ժամանակային ռեսուրսները չվատնելու համար, քանի որ նրա մոտ առաջացել է անվստահություն Նուբարաշեն հոգեբուժական հիմնարկի գործունեության նկատմամբ: Ինչպես նաև չի գործածում այն դեղահաբերը, որոնք նշանակված են․ դրանք պակասելու փոխարեն, ավելանում են,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ եթե իր պաշտպանյալը փորձեր գիժ երևալ, ապա երբեք հանդես չէր գա հիմնավորված և գրագետ միջնորդություններով:
Այդ միջնորդությունը դատախազը կրկին անհիմն համարեց, քանի որ, ըստ նրա, արդեն իսկ նշանակված եղել է դատաբժշկական լաբորատոր հոգեբանական փորձաքննություն: Այսպիսով, դատարանն անցավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Քիչ անց հրապարակեց այս միջնորդությունը նույնպես մերժելու վերաբերյալ որոշումը։ Դատարանը նշեց՝ միջնորդությունն անհիմն է, քանի որ մեկ անգամ արդեն իսկ նշանակվել էր դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննություն:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց 3 օր անց։
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net