Կամավորների ինստիտուտի ներդրման վերաբերյալ նոր օրինագիծը սահմանափակում և վերահսկելի է դարձնում ՀԿ-ների գործունեությունը

Կամավորական  գործունեությունը կարգավորելուն ուղղված նոր օրենքի նախագիծը լուծելու է այս ոլորտում վերհանված բոլոր խնդիրները․ այսօր այսպիսի դիրքորոշում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերից նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ շահագրիգիռ կողմերի  հետ  կազմակերպված քննարկման ժամանակ։

Կամավորական ինստիտուտի ներդրման վերաբերյալ իրավակարգավորումների վերաբերյալ միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները սակայն նշում են, որ նախագծով փորձ է արվում սահմանափակել ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, ինչպեսև պետությանը լծակներ են տրվում այդ կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու համար․

«Ես այս եզրահանգմանն եմ եկել առաջին հերթին այն բանի համար, որ այս նախագծի կարիքի հիմնավորում չկա․ չկա վիճակագրություն, կարիքը հիմնավորող փաստեր։ Երկրորդ՝ նախագիծը սահմանում է  որոշակի ոլորտներ, որտեղ կամավորություն չի կարելի անել։ Երրոդը՝ նախագիծը սահմանափակում է, թե քանի կամավոր կարող են ունենալ, փոքր կազմակերպություններին չեն թողնում ունենալ կամավոր կամ շատ կամավորներ»,- ասաց Հայկական բարեգործական ընդհանուր միության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների «Կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը նշում է, որ նախագծի ամենախնդրահարույց դրույթներից մեկն այն է, որով թույլատրվում է կազմակերպությանը կամավորներ ներգրավվել միայն իր աշխատակազմի մինչև 5 տոկոսի համամասնությամբ․ «Պարզ մաթեմատիկական հաշվարկ անելու դեպքում տեսնում ենք, որ կազմակերպությունը պետք է քսան աշխատակից ունենա, որ կարողանա ներգրավել մեկ կամավոր։ Այս դեպքում ինչպե՞ս կարող է օրենքը խրախուսել կամավորների ինստիտուտի զարգացմանը, եթե իրականում խոչընդոտում է»։

Այս հարցի վերաբերյալ քննարկմանը ներկա «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» ՀԿ իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը օրինակ բերեց, որ իրենց կազմակերպության կանոնադրական ուղղություններից մեկը ընտրություններում դիտորդական առաքելության իրականացումն է․ «Սահմանադրական հանրաքվեի ժամանակ մենք ունեցել ենք կամավոր շուրջ 4000 դիտորդ, բայց մեր աշխատակազմը 16 հոգուց է բաղկացած։ Մենք չենք կարող այս կանոնը պահել»։

Այն հարցին, թե ինչպե՞ս է որոշվել այս 5 տոկոսը, Ժորա Սարգսյանը պատասխանեց, որ սրա հիմքում միջազգային փորձ ընկած չէ, քննարկումներ են եղել նաև պետեկամուտների կոմիտեի հետ և որպես սեփական լուծում ընտրվել է այս տարբերակը։

Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին նաև մյուս խնդրահարույց հարցերի մասին․ նախագծով ոչ առևտրային կազմակերպությունների համար պարտավորություն է սահմանում պայմանագրեր կնքել բոլոր կամավորների հետ, ինչը շատ դեպքերում հսակայական բեռ կարող է դառնալ կազմակերպության համար։ Օրինակ, 4000 դիտորդի հետ պայմանագիր կնքելու դեպքում նույնիսկ պետք կլինի մի ամբողջ իրավաբանական վարչություն ունենալ։

Պարտավորություն է սահմանվում նաև բոլոր կամավորների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, քանի որ կամավորների ռեեստր պետք է ստեղծվի․ «Սա անհամաչափ բեռ է դնում ոչ առևտրային կազմակերպությունների վրա։ Բացի սրանից, կարող են լինել դեպքեր, երբ անձը չի ցանկանում հայտնվել այդ ռեեստրում, օրինակ, կամավոր կերպով պայքարում է կոռուպցիայի դեմ և չի ցանկանում, որ իր անունը երևա այդ ցանկում»,- ասաց Մ․ Զադոյանը։

Քննարկման ավարտին մասնակիցները որոշեցին նախագծի խնդրահարույց դրույթների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ դիմել ՀՀ կառավարությանը։ Նաև հույս հայտնեցին, որ պետական դիրքորոշումը այս հարցում կփոխվի, հակառակ դեպքում այս քայլը կդիտարկվի որպես հետընթաց։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել