Հրաչիկ Գոգինյանը արդարադատության ոլորտում աշխատել է գրեթե 4 տասնամյակ: Շուրջ 30 տարվա դատավորի աշխատանքից հետո նրան հրավիրել են արդարադատության մինիստրություն: Իրավաբան.net–ը՝ շարունակելով իր «Հայաստանի դատավորներ» շարքը, այս անգամ զրուցել է իրավական ոլորտում իր ավանդն ունեցած փաստաբան, իրավաբան, նախկին դատավոր Հրաչիկ Գոգինյանի հետ:
Գոգինյանը մեզ դիմավորելիս առույգ բացեց դուռը, հարմար տեղավորվեց ու ժպիտով, մի քիչ անակնկալի եկած, հարցնում էր, թե ինչու՞ ենք հարցազրույց խնդրել: Վերջին անգամ իրեն հանդիպել էի մոտ երկու տարի առաջ, նույն աշխուժությամբ պատմում էր իր մարտական հուշերից, ընկերներից:
-Պարոն Գոգինյան, ձեր հին աշխատակիցներիներից ինչ-որ մեկի հետ կապ ունե՞ք, լինու՞մ է, որ հանդիպեք:
-Չկան: Մայիս Կարապետյանը, միլիցիայի քննչական բաժնից էր եկել, երբ ես մինիստրությունում էի, եկել էր ու արդեն փաստաբան էր աշխատում: Նարիման Միրզաբեկյանն է, կոլեգիայիում էր նստում: Մենք՝ երեքս Հայրենական պատերազմի մասնակիցներ ենք, Փաստաբանների պալատի անդամ, այնտեղ միջոցառում էին կազմակերպել, այդպես ենք տեսնվում երբեմն: Որ քո մարդիկ չկան, դժվար է լինում:
Հրաչիկ Գոգինյանը կոմերիտական է եղել: 18-ը դեռ չէր լրացել, որ ցանկություն է հայտնել բանակ զորակոչվելու, այդ ժամանակ արդեն նրա մեծ եղբայրը զոհվել էր պատերազմում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գոգինյանը ծանր վիրավորում է ստացել Լեհաստանում, մինչ օրս էլ պատերազմի ապացույց-հիշողություններ՝ ականից մնացած սպիներ, բեկորներ կան:
-Հիշում եմ, Վիսլա գետ կար, 2 կմ լայնություն ուներ, գետով անցնելիս շորերս ու կոմերիտականի տոմսս կորել էր: Որ արթնացել էի արդեն հարցնում էի, թե տոմսս ուր է: Տարբեր հոսպիալներում մնալուց հետո ասացին, որ այդ վիճակով չեմ կարող շարունակել պատերազմը ու տուն ուղարկեցին:
-Այդ տարիներին քչերի՞ն էր հասու դատավոր դառնալը:
-Երևակայեք՝ բավականին: Կենտկոմի բյուրոյի մարդիկ տարբեր հարցերով նստած էին լինում՝ տնտեսական, քաղաքական, դե այդքանին պատասխանիր, տես՝ անցնու՞մ ես, թե՝ չէ:
-Կհիշե՞ք Ձեր առաջին գործը:
-Դե այն ժամանակ շրջաններով էր, առաջին գործս Ազիզբեկովի շրջան եմ գնացել, այդ տարիներին սովորում էի ու հեռակա կարգով գնացի:
Հայրս երկաթգծի բանվոր է եղել, ասում էր՝ դու կսովորես, մարդ կդառնաս, ոչ մեկին ոչ մի վիրավորական խոսք չես ասի, ասում էի՝ հայրիկ, հա՛, լավ ես ասում:
Կանչեցին Կենտկոմ, այնտեղ առաջին քարտուղարը՝ Զարուբյանը, կանչեց ինձ իր մոտ, հարցրեց ամեն ինչ, թե ո՞վ եմ, ի՞նչ եմ արել: Իրենք գրում էին՝ «Երաշխավորել այս մարդուն՝ այնինչ շրջանում»: Դրանից հետո շրջանում կենսագրությունն էին ներկայացնում ու պետք է ժողովուրդը ընտրեր, հիմիկվա պես չէր է, չէին նշանակվում: Դժվարանում էի, հագիս անգամ նորմալ շոր չունի: Հետո գնացի Ազիզբեկովի շրջան, սկզբում քաղաքացիական գործեր էի լսում, հետո՝ քրեական: Մոտավորապես 6 տարի աշխատելուց հետո եկա Վեդի, այնտեղ ես մենակ էի աշխատում, ինձնից հետո երկու դատավոր էին աշխատում: Հետո Օրջոնիկձեի շրջանում դատարանի նախագահ դարձա, դրանից հետո՝ Սպանդարյան: Հետո նոր գնացի արդարադատության մինիստրություն, ու այդպես ավարտվեց իմ միսիան:
-Հայաստանում արդարադատության ոլորտը տասնամյակներ շարունակ, կարելի է ասել, ձեր աչքի առաջ է հասունացել, ի՞նչ եք կարծում՝ այն ժամանակ և հիմա ի՞նչ տարբերություններ կային, ե՞րբ էին դատավորները, փաստաբաններն ավելի անկախ:
-Ինձ թվում է հիմա չեն թողնում դատավորներն աշխատեն: Ինչքան էլ գիտենաս այդ մարդուն կամ մամուլից, իր խոսելուց ճանաչես, զգում ես, որ դա այդ դատավորի խելքի գործը չէր: Եթե դատավորին ստիպում են ինչ-որ պատիժ տալ, փաստաբաններն էլ ինչքան բողոքարկում են, արդյունքի չեն հասնում:
-Ինչպե՞ս տեղափոխվեցիք արդարադատության մինիստրություն:
–Ինձ հրավիրեցին: Այդ ժամանակ մի աղջիկ եկավ՝ Օլգան Հովհաննիսյան, փաստաբաններից Պողոսյան կար նրան ասաց՝ չէ՜ ընկեր Պողոսյան, Գոգինյանն ինձ մոտ պետք է գա: Հետո պարզվեց, որ նա ինձ մոտ ժամանակին քարտուղարուհի է աշխատել: Կենտրոնից տարավ Նոր Նորք, որ իր հետ աշխատեմ:
-Արդարացումներ շա՞տ եք ունեցել:
-Այո, շատ են եղել: Նույնիսկ պատահել է, որ ամբաստանյալին հանել ենք մեղադրյալի աթոռից, նրան ազատել, իսկ իր ընկերը, ով կատարել էր հանցանքը՝ կալանավորվել է, նոր գործ ենք սկսել:
-Պարոն Գոգինյան, Ձեր ամենահիշվող գործերից մեկը կպատմե՞ք:
Գրեթե 3 տասնամյակ դատավորի պաշտոնում եղած իրավաբանը խունացած թղթերից մեկն է ցույց տալիս, որը խնամքով պահվել էր տարիներ շարունակ: Դատական գործի սղագրությունն էր: Պատմեց, որ եղել են դեպքեր, երբ ամբաստանյալներն անգամ խոստացել են պատիժը կրելուց հետո ետ վերադառնալ ու հաշիվներ պարզել:
-Արարատում շինարարություն էր գնում, Ռուսաստանից կանայք ու աղջիկներ էին գալիս աշխատելու: Մի տղա կար, անունը Մաթևոս էր, բայց Մատվիկ էին ասում, նախկինում էլի դատված էր եղել մանր խուլիգանության համար: Նեղացրել էր այդ աղջիկներից մեկին, նա ասել էր, որ իրեն չանհանգստացնի, տղան էլի գնացել էր մոտը՝ հանրակացարան: Այս օրվա նման հիշում եմ: Աղջիկն էլ դուռը բացել էր ու մի երկու մետր բարձրությունից իրեն գցել: Ոտքը վնասվել էր: Խուլիգանության համար բերել էին Մատվիկին: Ժողովրդական ատենակալներից մեկը գյուղսովետի նախագահն էր, ասաց՝ ընկե՛ր Գոգինյան, պետք է մի բան խնդրեմ, գոնե մի տարի պակաս տվեք, այդ տղայի հայրը ցեմենտի կոմբինատում է աշխատում, շատ լավ, բարի մարդ է: Մյուս ատենակալն էլ նույնն ասաց: Որոշեցինք, որ մեկ տարի պակաս տանք, 4 տարի ստացվեց: Վերջում, երբ դուրս էր գալիս, ասաց՝ «Սպասի՛ր, վերադառնամ, ես քեզ կասեմ». առաջին տարին էր, որ էդտեղ էի աշխատում:
2 տարի հետո վաղաժամկետ ազատվեց, եկել էր գրասենյակ: Իրեն արդեն մոռացել էի: Եկել ասում էր՝ ինձ հիշու՞մ եք, Մատվիկն եմ: Որ գաղութում է եղել, բոլոր կալանավորները գլուխ են գովացել, թե ինչեր են արել, պատմում է թե, ես էլ ասացի՝ դատավորին ասել եմ սպասիր վերադառնամ, տե՛ս քեզ ինչ եմ անելու: Կալանավորները բարկացել էին, սպառնացել: Խոստացել էր, որ ազատ արձակվի, գա տեսնի ինձ: Դրա համար էլ եկել էր իր շնորհակալությունը հայտներ, որ դատավորին կալանավայրում էլ հարգում են:
-Մի քանի տարի առաջ, Արարատում՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի աշխատակիցը պատմում էր, որ երբ Սպարապետը փոքր է եղել, անդադար կրկնել է, թե ուզում է «Գոգինյան դառնալ»՝ նկատի ունենալով ոչ միայն Ձեր մասնագիտությունը, այլև մարդու տեսակը: Ինչպե՞ս է ստացվել, որ փոքր երեխաներն էլ, և ինչպես դուք պատմեցիք, անգամ կալանավայրերում ձեզ բոլորը սիրել են, փորձել նմանվել:
-Կրասնոդարի մի «ուչիլիշյայից» զորք էր եկել Աբովյանի մասի Քանաքեռի «չաստ»: Ես էլ էի այնտեղ ծառայում: Արարատից մի տղա էին բերել, անունը Վազգեն Սարգսյան, բայց չխառնեք, նա Սպարապետ Վազգեն Սարգսյանը չէր: Ու Վազգենը մի աղջկա հետ էր մտերմություն անում, Արարատից հաճախ միրգ էին ուղարկում՝ տանձ, խաղող, ու ինքն էլ բերում էր ինձ, իմ հետ էր կիսվում: Մի տղա էլ կար՝ Մնացական Զադոյանը, էլի Արարատից էր: Հետո մենք այդտեղ չավարտեցինք էլ, պատերազմ էր: Ուղարկեցին տարբեր տեղեր: Հետո իմացա, որ Վազգենը զոհվել է:
Տարիներ անցան: Այդքան էլ հնարավորություններ չունեի՝ հագնելու, սովորելու: Աշխատանքի ուղարկեցին Արարատ, մոտ 6 ամիս անցավ, գրասենյակի աշխատողին հարցրի, ասացի ճանաչու՞մ ես Վազգեն Սարգսյան անունով մարդու՝ չգիտեր: Հարցրի Զադոյանի մասին, մի մարդ գտավ՝ կոլխոզի նախագահ, տարիքը հարցրի, ասացի չէ՝ պետք չէ:
Մի որոշ ժամանակ անցավ, Արարատի շինանարարական գործարաններից եկել էին, որպես հայցվոր ներկայացնում էր իր պահանջը, ազգանունը՝ Զադոյան: Հիմա դատական գործերը թողել եմ, անձնական հարցեր եմ տալիս, ատենակալները զարմացել էին: Նիստն ավարտվեց, խոսեցի հետը, ասում եմ ծառայե՞լ ես, Վազգեն Սարգսյանին հիշու՞մ ես, ու՞մ հետ էր մոտ, ասաց, թե մի Գոգինյանի, արարատցիներին թողել լոռեցի Գոգինյանի հետ էր մոտիկություն անում: Հարցրի՝ բա էդ դեպքում ես ո՞վ եմ… Իրար գրկել էինք: Հարցրի, թե ո՞վ ուներ Վազգեն Սարգսյանը, ասաց ծնողներ ունի, եղբայր: Ասացի, որ մեքենա գտնի, մեր տուն բերի իրենց: Հաջորդ օրը Մնացական Զադոյանի հետ գալիս են մի փոքր «Москвич»-ի մեջ՝ Զավենը, Վազգեն Սարգսյանի եղբայրը ու Գրետան, իրենց գրկին էլ՝ 2 տարեկան Վազգեն Սարգսյանը (Սպարապետը): Շատ հուզվել էի, որ այդ փոքրիկին Վազգենի անունն են տվել:
Ալիսա Չիլինգարյան
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի