Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ
Լյուդվիգ Դավթյան
Հոկտեմբեր 2007թ.
Ինչպես ցանկացած գործունեություն, այնպես էլ քրեական դատավարությունն իրականացվում է որոշակի հիմնարար դրույթների հիման վրա, որոնք հանդիսանում են նման գործունեության բովանդակության հիմնաքարերը: Այդ սկզբունքները կանխորոշում են քրեական դատավարության ընթացքում իրականացվող գործողությունների ընթացքն ու բովանդակությունը և երաշխիքներ են ստեղծում քրեադատավարական գործունեության ընթացքում մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Նման սկզբունքներից մեկն էլ հանդիսանում է մարդասիրության (հումանիզմի) սկզբունքը: Հարկ է նշել, որ մարդասիրության սկզբունքը, ելնելով դրա կարևորությունից և պետությունների կողմից դրա գործնական կիրառման անհրաժեշտությունից, ուղղակի կամ անուղղակի կերպով իր ամրագրումն է գտել առաջին հերթին մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածում նշվում է. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով»։ Այս դրույթն, ըստ էության, մարդասիրության սկզբունքի դրսևորումներից է: Հումանիզմի սկզբունքը տեղ է գտել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների բազմաթիվ դրույթներում: Կոնվենցիայի մի շարք նորմերի վերլուծությունից ակնհայտորեն բխում է քննարկվող սկզբունքի կոնվենցիոն կարգավորման մասին: Կոնվենցիայի նման դրույթներից են խոշտանգումների, ստրկության, հարկադիր աշխատանքի արգելումը (3-րդ և 4-րդ հոդվածներ), ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը (5-րդ հոդված), արդար դատաքննության իրավունքը (6-րդ հոդված) և այլն:
Հայաստանի Հանրապետությունում ներկայիս իրավական կարգավորման շրջանակներում մարդասիրության սկզբունքին առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև սահմանադրական մակարդակով: ՀՀ 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո վերանայվեց նաև մոտեցումը մարդու, նրա իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ: Այդ փոփոխությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործող Սահմանադրության մեջ առավել ընդգծված կերպով է արտահայտված մարդասիրության սկզբունքը՝ ի տարբերություն մինչև փոփոխությունները գործող Սահմանադրության: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի համաձայն՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի uկզբունքներին ու նորմերին համապատաuխան: Պետությունը uահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպեu անմիջականորեն գործող իրավունք»: Կամ Սահմանադրության հոդված 14-ը սահմանում է. «Մարդու արժանապատվությունը` որպեu նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»:
Խոսելով քրեադատավարական սկզբունքների և դրանցից հատկապես մարդասիրության սկզբունքի մասին` նախևառաջ պետք է անդրադառնալ այդ սկզբունքների համակարգին: Սրա հետ կապված՝ պետք է նշել, որ քրեադատավարական սկզբունքների համակարգի վերաբերյալ իրավաբանական գրականության մեջ չկա միասնական մոտեցում: Որոշ գիտնականներ քրեադատավարական սկզբունքների շարքն են դասում այն հիմնարար դրույթները, որոնք ընդգրկված են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սկզբունքների համակարգի մեջ, այսինքն՝ ունեն ուղղակի օրենսդրական ամրագրում: Մյուս խումբ գիտնականները քրեադատավարական սկզբունք են համարում նաև այն ելակետային դրույթները, որոնք բխեցվում են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դրույթներից, մասնավորապես, քրեական դատավարության սկզբունքներից: Մեր կարծիքով, վերը շարադրված մոտեցումներից առաջինն ավելի ճիշտ է թվում. քրեադատավարական սկզբունք պետք է համարել օրենսդրական ամրագրում ստացած ելակետային դրույթները՝ ելնելով դրանց իշխանական բնույթի և համապարտադիր լինելու հանգամանքից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդասիրության սկզբունքը, որպես այդպիսին, ուղղակիորեն նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Մարդասիրության (հումանիզմի) սկզբունքի գոյությունը քրեադատավարական հարաբերություններում վերլուծվում է միայն տեսական մակարդակով՝ բխեցվելով քրեական դատավարության այլ սկզբունքների բովանդակությունից:
Հաշվի առնելով, որ քրեական դատավարությունը պետական գործունեության այն ուղղություններից է, որտեղ առավել մեծ է մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման հավանականությունը, մարդասիրության սկզբունքը՝ որպես այդպիսի գործունեության կանխորոշիչ, ձեռք է բերում ավելի կարևոր և գործնական նշանակություն: Ճիշտ է, քննարկվող սկզբունքը ուղղակիորեն նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքով, բայց դրա գոյությունը, ինչպես արդեն նշել ենք, ենթադրվում է այլ սկզբունքների բովանդակությունից: Բացի դրանից, կարծում ենք, մարդասիրությունը քրեական դատավարությունում ունի ավելի լայն իմաստ և բովանդակություն: Այն հանդես է գալիս որպես դատավարական մի ուրույն կառուցակարգ, որով երաշխավորվում են մարդու իրավունքների, ազատությունների, արժանապատվության, բարոյական և այլ արժեքների պահպանությունն ու պաշտպանությունը: Մեր կարծիքով` օրինականության սկզբունքի նման մարդասիրության սկզբունքը ևս ընկած է քրեադատավարական բոլոր սկզբունքների հիմքում և յուրաքանչյուր սկզբունքի խախտում հանգեցնում է ինչպես օրինականության, այնպես էլ մարդասիրության սկզբունքի խախտման: Այն՝ որպես դատավարական սկզբունք, ենթադրում է հանցագործությունների քննության գործընթացում մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, սոցիալական և այլ անվտանգության ապահովում:
Գործող քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված են մի շարք նորմեր, որոնք վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում են մարդասիրական վերաբերմունք դրսևորել գործով անցնող անձանց նկատմամբ, եթե առկա են օրենքով նախատեսված անհրաժեշտ հիմքերը: Նման դատավարական նորմեր են հատկապես հանդիսանում քրեական դատավարության սկզբունքներին, մասնավորապես, օրինականությանը, անմեղության կանխավարկածին, անձի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը հարգելուն, անձի անձեռնմխելիությանը, բնակարանի անձեռնմխելիությանը, կրկին անգամ դատվելու անթույլատրելիությանը, մրցակցությանը վերաբերող դրույթները և այլն: Մարդասիրությանն են վերաբերում նաև այնպիսի քրեադատավարական նորմեր, ինչպիսիք են օրենքի հետադարձ ուժի արգելումը, գործի վարույթի կարճման հիմքերը (հատկապես ռեաբիլիտացիոն), անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցների (օրինակ՝ կալանք, գրավ և այլն) կիրառման կամ քննչական գործողությունների կատարման (օրինակ՝ բնակարանի խուզարկություն, նամակագրության վերահսկողության և այլն) յուրահատուկ կարգի սահմանումը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց դիմումների, բողոքների միջնորդությունների ներկայացման, քննության և լուծման կարգը և այլն: Այսպիսով, մարդասիրությունն ունի օրենսդրական ձևակերպումներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս, հաշվի առնելով գործի հանգամանքները, հանցավորի անձը և այլ պայմաններ, կիրառելու այդ նորմերը՝ ապահովելով մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության պահպանումն ու պաշտպանությունը:
Քրեական դատավարության հումանիզմը, ինչպեսև քրեական դատավարության մյուս սկզբունքները, կարևորագույն միջոց են հաջողությամբ կենսագործելու քրեական դատավարության՝ որպես համակարգային գործունեության ինչպես անմիջական, այնպես էլ համասոցիալական խնդիրները: Եվ հակառակը՝ գործնական աշխատանքում այդ նորմերի ոտնահարումը, թեկուզև քրեական գործով օրինական և օբյեկտիվ քննություն կատարելու դեպքում, կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց իրավագիտակցության, քննություն իրականացնող քրեական հետապնդման մարմնի, ինչպես նաև իշխանության ու պետության հեղինակության, նրանց մասին ձևավորվող հասարակական կարծիքի վրա՝ խոչընդոտելով քրեական դատավարության խնդիրների իրականացմանը։
Հումանիզմը, հարգանքը մարդու նկատմամբ, նրա բարի անվան պաշտպանությունը, իրավունքների իրականացման ապահովմանն ուղղված հոգատար վերաբերմունքը այն բարոյական սկզբունքներն են, որոնք բնորոշում են տվյալ երկրում իրականացվող նախնական քննության, քրեական դատավարության, ի վերջո, նաև ողջ իրավական համակարգի էությունն ու բովանդակությունը։ Այս առումով պետք է նշել, որ մարդկային հասարակությանը հայտնի համամարդկային ընդհանուր բարոյականության նորմերից բացի, յուրաքանչյուր ժողովուրդ, ազգ ունի զուտ իրեն բնորոշ, ազգային բարոյականության նորմեր, որոնք դարերի ընթացքում մշակվելով դառնում են այդ ազգին պատկանող մարդկանց վարքագիծը կարգավորող կանոններ և այդ առումով սերտ առնչություն ունեն տվյալ երկրի իրավական համակարգի և այն բնորոշող իրավունքի առանձին ճյուղերի, իրավական ինստիտուտների և իրավանորմերի հետ։ Այս տեսանկյունից քրեական դատավարությունում մարդասիրության սկզբունքը հանգում է բարոյական նորմերին: Այլ կերպ ասած՝ մարդասիրության սկզբունքին առնչվող մի շարք դատավարական նորմեր իրենց հիմքում ունեն բարոյական նորմեր և նույնացվում են բարոյական նորմերի (կանոնների) հետ: Այդ է վկայում դատավարական մի շարք դրույթների վերլուծությունը: Օրինակ՝ ՀՀ քր. դատ. օր. 220-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում քննումը կատարվում է դատաբժշկության բնագավառի մաuնագետի կամ բժշկի մաuնակցությամբ: Քննումը, որը զուգորդվում է քննվող անձին մերկացնելու հետ, կատարվում է միևնույն uեռին պատկանող ընթերականների ներկայությամբ:
Քննիչն իրավունք չունի ներկա գտնվել մյուu uեռին պատկանող անձին քննելիu, եթե քննումը զուգորդվում է այդ անձին մերկացնելու հետ: Այդ դեպքում, քննիչի հանձնարարությամբ, քննումը կատարում է դատաբժշկության բնագավառի մաuնագետը կամ բժիշկը: Մարդասիրության և բարոյականության նորմերի համատեղման մասին են ենթադրում նաև քր. դատ. օր. 228, 229-րդ հոդվածները: Ըստ ՀՀ քր. դատ. օր. 228-րդ հոդվածի 4-րդ մասի՝ քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեuզի չհրապարակվեն առգրավման և խուզարկության փաuտը, ինչպեu նաև դրանց արդյունքները և խուզարկվողի անձնական կյանքի հանգամանքները: ՀՀ քր. դատ. օր. 229-րդ հոդվածն էլ սահմանում է, որ անձնական խուզարկությունը կարող է կատարվել քննիչի կողմից` խուզարկվողի հետ նույն uեռի ընթերակաների և մաuնագետի մաuնակցությամբ։ Մարդկային արժանապատվությունը հարգելու, բռնության կամ հարկադրանքի բացառման ոգով են տոգորված անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու վերաբերյալ քրեադատավարական այլ նորմեր։ Մասնավորապես, հռչակվել է, որ քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պահվի ստորացուցիչ պայմաններում, հարկադրվի մասնակցելու իր արժանապատվությունը նվաստացնող դատավարական գործողությունների։ Անձի իրավունքներն ու արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների և անձանց համար (ՀՀ քր. դատ. օր. հոդված 9)։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը քննարկված նորմերի բովանդակությունն, այսպիսով, հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության հումանիզացման գլխավոր խնդիրը կարելի է լուծված համարել։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների բովանդակության վերլուծության արդյունքում կարելի է հանգել այն եզրակացության, որ քրեական դատավարության հումանիզացման գործընթացը դեռ շարունակվում է: Այդ են վկայում քրեական դատավարության օրենսգրքի մի շարք փոփոխություններն ու լրացումները: Խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ քր. դատ. օր. 188.1 հոդվածին՝ «Նախնական քննության ընդհանուր պայմանները» վերտառությամբ, որը սահմանում է.
1. Քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում` բացառությամբ անհետաձգելի դեպքերի.
2. Քննչական գործողություններ իրականացնելիu անթույլատրելի են նախնական քննության մաuնակիցների նկատմամբ բռնության, uպառնալիքի և անoրինական այլ գործողությունների գործադրումը, ինչպեu նաև նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանների uտեղծումը.
3. Քննիչը, քննչական գործողությունների իրականացմանը ներգրավելով կաuկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատաuխանողին, նրանց ներկայացուցիչներին կամ իրավահաջորդներին, ինչպեu նաև քր. դատ. oր. 81-րդ, 83-86-րդ հոդվածներում նշված անձանց` ճշտում է նրանց ինքնությունը, բացատրում իրավունքներն ու պարտականությունները, ինչպեu նաև քննչական գործողության իրականացման ընդհանուր կարգը: Եթե քննչական գործողության իրականացմանը մաuնակցում են տուժողը, վկան, փորձագետը կամ թարգմանիչը, ապա քննիչը նրանց համապատաuխանաբար նախազգուշացնում է Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 338-րդ, 339-րդ հոդվածներով նախատեuված քրեական պատաuխանատվության մաuին.
4. Քննիչն իրավունք ունի քննչական գործողության իրականացմանը ներգրավելու oպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց, ինչի մաuին նշում է կատարվում համապատաuխան քննչական գործողության արձանագրությունում:
Ճիշտ է, նշված հոդվածը՝ որպես մարդասիրության սկզբունքի դրսևորում, վերաբերում է նախնական քննությանը, սակայն այն կարևոր նշանակություն ունի նաև ողջ քրեական դատավարության համար: Մեր կարծիքով` քրեական դատավարության հումանիզացման գործընթացում կարևոր նշանակություն ունի հատկապես ՀՀ քր. դատ. օր. 183-րդ հոդվածում կատարված լրացումը, որով ընդլայնվել է այն գործերի շրջանակը, որոնք հարուցվում են բացառապես տուժողի բողոքի հիման վրա և կաuկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաuտանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Օրենսդրական այս փոփոխության մեջ մարդասիրական սկզբունքն արտահայտվում է նրանում, որ օրենսդիրը, հաշվի առնելով ՀՀ քր. դատ. օր. 183-րդ հոդվածում թվարկված հանցագործությունների բնույթն ու ոչ մեծ հանրային վտանգավորությունը, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է մարդասիրական մոտեցում դրսևորել կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի նկատմամբ և համապատասխան դեպքերում չհարուցել քրեական գործ կամ կարճել գործի վարույթը:
Բացի վերոնշյալ օրենսդրական դրույթներից՝ կարելի է առանձնացնել նաև մարդասիրության սկզբունքն արտահայտող այլ օրենսդրական նորմեր, որոնք հանդիսանում են հասարակական հարաբերությունների առաջընթաց զարգացման արդյունք և վկայում են քրեական դատավարությունում հումանիզմի սկզբունքի լայնակի կիրառման մասին։ Կարծում ենք՝ հասարակական հարաբերությունների հետագա զարգացումն իր հերթին կհանգեցնի այս սկզբունքն ամրագրող դրույթների նորովի զարգացմանն ու կատարելագործմանը։