ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆԵՐԻ ԿԱՍՏԱՆ. ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԻ ՏԱԼ ԴԱՏԱՎՈՐԻՆ

ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ
Գոռ Հովհաննիսյան
Նոյեմբեր 2007թ.

Երբ պետական մարմինները, պաշտոնատար անձինք իրենց գործողություններով կամ անգործությամբ խախտում են մեր իրավունքները, մենք գնում ենք առաջին ատյանի դատարան և դիմում ներկայացնում նրանց դեմ` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 26-րդ գլխի:
Բայց լինում են դեպքեր, երբ դատարանն ինքն է խախտում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Նման բան պատահում է շատ հաճախ այն դեպքերում, երբ, օրինակ, դատարանի գրասենյակը չի ընդունում ձեր հայցադիմումը, միջնորդությունը, բողոքը կամ չի տրամադրում գործում առկա փաստաթղթի պատճենը, վճռի հրապարակումից անմիջապեu հետո վճռի oրինակը չի հանձնվում ձեզ և այլն, և այլն:
Այս դեպքում ո՞ւր բողոքել: Իհարկե, ամենապարզ տարբերակը ենթակայության կարգով վերադասին դիմելն է: Բայց, ինչպես բոլորս հրաշալի պատկերացնում ենք, միգուցե դա օգնի, և ձեր գործը տեղից շարժվի, բայց պատասխանատվության կենթարկվի՞ այն անփույթ պաշտոնյան, որի մեղքով ստիպված եք եղել նյարդայնանալ: Հնարավոր է, որ դուք դրա պատճառով կրել եք ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական վնասներ: Կարծում եմ` իրավախախտներից ոչ մեկը չի տուժի: Եվ եթե նույնիսկ ձեզ պատասխան տան, ապա պատճառ կբռնեն ծանրաբեռնվածությունը, գրասենյակային պիտույքների անբավարությունը և, աստված գիտի, թե էլ ինչ:
«Իսկ դատական կարգով կարելի՞ է արդյոք բողոքարկել նման անօրինական գործողությունները: Չէ՞ որ դատարանը պետական մարմին է, իսկ դատարանի աշխատողները` պետական ծառայողներ: ՀՀ ՔԴՕ 26-րդ գլուխը, կարծես թե, դրական պատասխան է տալիս: ՔԴՕ 160-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` oրենքին հակաuող ակտերը կամ նրանց գործողությունը (անգործությունը) անվավեր ճանաչելու մաuին դիմումը, գործերի ենթակայությանը համապատաuխան, տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեuական դատարան:
Այսպիսով, եթե դատարանի պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմ չկա, դրանք պետք է վիճարկվեն քաղաքացիական դատավարության կարգով, այն է` ՔԴՕ 26-րդ գլխի կանոններով: Հակառակը կհակասեր դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին:
Նշանակում է` օրենքը թույլ է տալիս: Չէ՞ որ օրենքի առջև բոլորը հավասար են, այնպես չէ՞: Ղեկավարվելով այս մտահանգմամբ` որոշ քաղաքացիներ որոշել են դիմել դատարան` վիճարկելով դատարանների և դրանց պաշտոնատար անձանց անօրինական գործողությունները: Բայց միանգամից նուրբ հարց է ծագում` ո՞ր դատարան դիմել: ՔԴՕ 12-րդ գլուխն այլընտրանք չի թողնում. հայցը հարուցվում է պատաuխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան: Ստացվում է, որ դատարանի գործողությունները վիճարկել կարող եք միայն այդ նույն դատարանում: Վերաքննիչ դատարանի գործողությունները վիճարկելու համար ստիպված եք դիմել այդ դատարանի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, այն է` Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան: Այսինքն` վերադաս դատարանին ենթակա դատարան: Իսկ Վճռաբեկ դատարանի գործողությունները կարելի է վիճարկել դատական համակարգի մեջ մտնող Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, այսինքն` այն համակարգի դատարան, որի «պսակը» այդ նույն Վճռաբեկ դատարանն է: Ստացվում է, որ ենթակա առաջին ատյանի դատավորները պետք է դատեն իրենց վերադասների՞ն: Այո՛: «Բայց դա անհեթեթություն է»,- կասեք դուք: Իսկ ձեզ կպատասխանեն, որ մեզ մոտ դատավորներն անկախ են: Բայց, իհարկե, դա «չար դևի» առարկություն է: Այն, որ օրենքում ամրագրված է դատավորների անկախությունը և նրանց ենթարկվելը միայն օրենքին, այդ ամենը կեղծիք է: Ամենակախյալ և ամենաանիրավ պաշտոնյան մեր երկրում հենց դատավորն է:
Բայց սա դեռ ամենը չէ: Իրավակիրառական պրակտիկայում ամրապնդվում է այն դիրքորոշումը, որ դատավորի գործողություններն ու որոշումները չի կարելի բողոքարկել այլ կերպ, քան նրա կողմից կայացված վճռի դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու ճանապարհով: Եվ, չգիտես ինչու, բոլոր դատավորները քաղաքացու դիմումի ընդունումը մերժելիս, վկայակոչում են հենց նույն ՔԴՕ 26-րդ գլուխը (տես, օրինակ, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա.Կուբանյան) 01.11.2006թ. և 29.03.2007թ. որշումները, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր է. Ավետիսյան) 22.01.2007թ. որոշումը)` պատճառաբանելով, թե ՀՀ ՔԴՕ 26-րդ գլխում նախատեսված նորմերը չեն վերաբերում դատարանների (դատավորների) գործողությունները (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթին, և որ հիշյալ գլխի նորմերն ընդհանրապես, և ՔԴՕ 160-րդ հոդվածը, մասնավորապես, դատական իշխանություն իրականացնող մարմինների վրա չեն տարածվում, հետևաբար, քաղաքացու դիմումները ենթակա չեն դատարանում քննության. իբր ՔԴՕ 26-րդ գլխի նորմերը կոչված են այլ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակաօրինական ակտերն ու գործողություններն անվավեր ճանաչելուն: Բայց թե ինչի՞ հիման վրա են դատավորներն այդպիսի եզրակացության հանգել, դատական որոշումներում չի նշվում: Իսկ չէ՞ որ դատարանի որոշումը պետք է լինի օրինական և հիմնավորված, այսինքն` ամրապնդված լինի համապատասխան օրենքին արված հղումով, որում նախատեսված է դատարանների պաշտոնատար անձանց` անմիջականորեն գործի դատաքննության հետ չկապված գործողությունները բողոքարկելու այլ կարգ: Դժվար չէ կռահել, որ ձևավորվող դատական պրակտիկան հիմնված է օրենքի միակողմանի, աչառու մեկնաբանության վրա:
Այժմ դատենք ինքներս:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան դիմելու հնարավորություն` անմիջականորեն ՀՀ Սահմանադրության հիման վրա (Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մաս):
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, որը երաշխավորում է դատական պաշտպանության իրավունքը, ելնում է արդարադատության մատչելիության յուրաքանչյուրի իրավունքն ապահովելու պետության պարտականությունից: Սահմանադրության 6-րդ, 18-րդ, 43-րդ և 44-րդ հոդվածների դրույթների վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ դատական պաշտպանության իրավունքը պատկանում է մարդու և քաղաքացու հիմնական, անօտարելի իրավունքների թվին: Բացահայտելով նշված սահմանադրական իրավունքի բովանդակությունը` ՀՀ Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներում նշել է, որ Սահմանադրության 43-րդ (առաջին մաս) և 44-րդ հոդվածներին համապատասխան` այն չի կարող դատարանների կողմից դիտվել իբրև սահմանափակման ենթակա իրավունք: Սահմանադրական իրավունքների թույլատրելի սահմանափակումներ, Սահմանադրության 43-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան, կարող են մտցվել օրենսդրի կողմից միայն հոդվածում թվարկված հանրային շահերի պաշտպանության նպատակով: Դատական պաշտպանության իրավունքը ոչ մի դեպքում չի կարող հակասության մեջ մտնել տվյալ նպատակների հետ և, հետևաբար, ենթակա չէ սահմանափակման: Ավելին, թվարկված նպատակներից և ոչ մեկը չի կարող արդարացնել դատական պաշտպանության հիմնարար իրավունքի սահմանափակումը, քանի որ այն հենց ինքն է մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների երաշխիքը: Սահմանադրության 44-րդ հոդվածը չի թույլատրում դատական պաշտպանության իրավունքի սահմանափակում նույնիսկ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի սահմանադրաիրավական իմաստից բխում է, որ դատարանների իրավազորությունը տարածվում է պետության մեջ ծագող բոլոր իրավահարաբերությունների վրա: 91-րդ հոդվածի դրույթի վերլուծությունը, 18-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթների հետ փոխադարձ կապի մեջ, հիմք է տալիս հանգելու այն հետևության, որ դատարաններին ենթակա են իր իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ անձի բոլոր դիմումները: Այդ իսկ պատճառով դատարանը չի կարող մերժել արդարադատությունը, եթե ՀՀ քաղաքացին, օտարերկրացին, քաղաքացիություն չունեցող անձը կարծում են, որ իրենց իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ խախտվում են, կամ խոչընդոտներ են ստեղծվել կամ ստեղծվում են դրանց իրականացման դեմ, կամ առկա է իրավունքների կամ ազատությունների ոտնահարման այլ իրավիճակ:
Փաստորեն, դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքը ենթադրում է, որ.
1. պետությունն իրավունք չունի սահմանափակելու կամ վերացնելու դատական հսկողությունը գործունեության առանձին բնագավառներում կամ առանձին կատեգորիայի անձանց վերաբերմամբ.
2. օրենքում չի կարող որևէ բացառություն նախատեսվել դատական իրավասությունից կամ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները խախտող գործողությունների ու որոշումների դեմ բողոքների քննությունը չի կարող վերապահվել ոչ դատական մարմինների բացառիկ իրավասությանը:
ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Արդարադատություն իրականացնելիս դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անկախ են և ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքին (97-րդ հոդվածի առաջին մաս): Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով (Սահմանադրության 94-րդ հոդվածի երկրորդ մաս): Արդարադատության իրականացման կարգը կանոնակարգվում է համապատասխան դատավարական օրենսդրությամբ: Սակայն գործնականում դատավորն արդարադատություն իրականացնելու իր հիմնական գործառույթից բացի իր գործունեության ընթացքում ընդունում է որոշակի ակտեր կամ կատարում գործողություններ, որոնք ըստ էության կապ չունեն արդարադատության իրականացման հետ և ավելի շատ պատկանում են կառավարչական գործունեության ոլորտին: Հետևաբար, դատավորի գործողությունների կամ որոշումների բողոքարկման կարգը ևս պետք է բխի նման տարբերակման տրամաբանությունից: Ասվածից հետևում է, որ պետք է տարբերակել դատավորին` իբրև արդարադատություն իրականացնող պաշտոնատար անձի, և դատավորին` իբրև արդարադատություն չիրականացնող պաշտոնատար անձի:
Դատարաններին գործերի ենթակայության, գործերի հարուցման, դրանք քննության նախապատրաստելու վերաբերյալ հարցերի լուծման հետ կապված դատավարական ակտերը և դատավորների գործողությունները, առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում գործերի քննությունը, դրանց վերաբերյալ դատական վճիռներ և որոշումներ ընդունելը պատկանում են արդարադատության իրականացման ոլորտին և կարող են բողոքարկվել միայն դատական կարգով` ՀՀ դատավարական օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում` արդարադատության իրականացման հետ կապված ակտերի և դատավորների գործողությունների բողոքարկման արտադատական կարգն անհնար է: Իսկ դատավորի այն գործողությունները, որոնք կապված չեն արդարադատության իրականացման հետ, կարելի է բողոքարկել քաղաքացիական դատավարության կարգով (ՔԴՕ 26-րդ գլուխ): Այդ իսկ պատճառով դատավորի այն որոշումները, որոնք արտահայտվում են, օրինակ, ծանուցագրերի կամ գրությունների ձևով, նույնպես կարելի է բողոքարկել դատարանում ՔԴՕ 26-րդ գլխի կանոններով:
Այսպիսով, պարզ է դառնում, որ դատարանների կողմից ՔԴՕ 26-րդ գլխով նախատեսված կարգով չեն քննվում դատավորների այն ակտերի ու գործողությունների դեմ քաղաքացիների ներկայացրած դիմումները, որոնք կապված են արդարադատության իրականացման հետ: Դրանց բողոքարկման կարգը սահմանվում է համապատասխան դատավարական օրենսդրությամբ: Դատարանների պաշտոնատար անձանց այն ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնք պատկանում են կառավարչական գործունեության ոլորտին, կարող են քաղաքացիների կողմից վիճարկվել դատական կարգով` ՔԴՕ 26-րդ գլխին համապատասխան:
Նշանակում է` ՔԴՕ վիճարկվող դրույթներում քաղաքացիական դատավարության կարգով դատարանների (դատավորների) գործողությունները (անգործությունը) և որոշումները վիճարկելու` քաղաքացիների իրավունքի ուղղակի ամրագրման բացակայությունը, ինչպես և այդպիսի դիմումը վարույթ ընդունելու` դատարանի պարտականության ամրագրման բացակայությունը չի կարող «կաթվածահար անել» քաղաքացիների այդ իրավունքը` երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 18-րդ հոդվածից բխող` դատարանում ցանկացած իրավական ակտի բողոքարկման իրավունքը պետք է ապահովվի քաղաքացիական դատավարական օրենսդրության հիման վրա իրականացվող ստուգմամբ: Հետևաբար, դիմումատուն զրկված չէ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից՝ գործող քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով` օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի հիման վրա (Սահմանադրության 14.1-րդ հոդ.):
Ակնհայտ է, որ դատարանը չի ուզում գնահատական տալ իր վերադասի գործողություններին ոչ այն պատճառով, թե օրենքով դա նախատեսված չէ, կամ գոյություն ունի ԳԱՂՏՆԻ ԴԱՏԱԿԱՆ այլ կարգ, որի մասին չի կարելի հիշատակել: Դատավորը հրաժարվում է բողոքի քննությունից, որովհետև ԿԱԽՎԱԾ Է վերադասից: Ահա հենց այստեղ է թաղված մեր դատական համակարգի ամենագլխավոր արատը` դատարանի նախագահի կամ վերադաս դատավորի անսահման իշխանությունը, ընդ որում, բոլոր ատյաններում: Խորհրդային դատարանների վարչահրամայական համակարգը պահպանվել է մաքուր ձևով: Ավելին, այն ամրապնդվել է` հեռանալով ժողովրդի գիտակցությունից: Հենց որ դատավորը վճիռ կայացնի ըստ օրենքի, այլ ոչ թե ըստ դատարանի նախագահի կամ վերադասների «հասկացողության», միանգամից գործի է դրվում անհնազանդին պաշտոնից հեռացնելու մեխանիզմը:
Իհարկե, դատական համակարգում այնքան էլ նորմալ չէ այն երևույթը, երբ դատավորը պիտի դատի իր պետին: Անկասկած փոփոխություններ են պետք դատավարական օրենսդրության մեջ: Իսկապես, անհրաժեշտ է դատարանների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման այլ կարգ: Չէ՞ որ նման բողոքի ընդունումից դատարանի հրաժարումը, ինչպես արդեն տեսանք, սկզբունքորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված դատական պաշտպանության քաղաքացիների իրավունքը և դատարաններին ու դատավորներին վերածում է ինչ-որ մի «անձեռնմխելիների կաստայի», այսինքն` մի կատեգորիայի, որը դուրս է իրավական դաշտի սահմաններից: Բայց կգնա՞ արդյոք այդպիսի փոփոխությունների այժմյան պատգամավորական կորպուսը: Կարծում ենք` չի գնա: Նշանակում է` այդպիսի բողոքներ պետք է տալ ավելի ու ավելի շատ և բողոքարկել դրանց քննության մերժումները` ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե ժողովրդի «ընտրյալներն» անզոր են, ապա գոյություն ունեցող իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն զանգվածային բողոքներով ու միջազգային իրավական մեխանիզմների օգնությամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել