Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի նախկին զինծառայող Ռաֆայել Հովհաննիսյանին հանդիպում ենք Գյումրիում, որտեղ էլ հենց ծնվել է ապրող ու ապրեցնող հերոսը: Հանդիպում ենք Հրապարակում, քայլում դեպի Հաղթանակի այգի: Ավելի ուշ իմանում եմ, որ Գյումրիում ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետի ամենասիրելի տեղը հենց Հրապարակն է: Այդտեղ մեզ միացավ նաև ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Շուլի Հակոբյանը: Հաճելի էր տեսնել, որ մարտական ընկերներն իրենց ընկերությունը շարունակում էին նաև քաղաքացիական կյանքում:
-Ռաֆայե՛լ, մեր զրույցը սկսենք հենց բանակի ընկերներից, ընկերությունից: Ու՞մ հետ ես մոտ եղել:
-Բոլորի՞ց: 😀 Ես սկզբում Լուսակերտում եմ ծառայել, 6 ամիս հետո տեղափոխվել եմ Մադաղիս, էնտեղ Շուլիի հետ եմ ծանոթացել: Հետո տեղափոխվեցինք Թալիշ ու հենց էնտեղ սկսեցինք մտերմությունը:
-Ինչպե՞ս ծանոթացաք: Կպատմե՞ս տղաների հետ հարաբերությունների մասին:
-Ես որ գնացի Մադաղիս, Շուլին արձակուրդի մեջ էր, մինչև իր գալը տղաները ասել էին, որ մարտկոցում լեննականցի տղա կա, անունը՝ Շուլի, ճանաչու՞մ եմ իրեն: Մինչև իրեն Շուլի անունը չէի լսել, հարցրի, թե իսկական անունն ի՞նչ է… Ու հետո, երբ հետ եկավ՝ ընկերացանք:
Շատ մարդիկ կան, չեմ ուզում առանձնացնեմ, մեկին հիշեմ, մյուսին չէ՝ նեղանան: Բայց շատ են:
-Քառօրյայի ժամանակ Հայաստանի տարբեր մասերից շատ կամավորներ էին գալիս: Նրանց ներկայությունը գոտեպնդու՞մ էր, թե՝ մտածում էիք ինչու՞ են եկել, միգուցե վիճակն ավելի վատ է, որ եկել են:
-Որ տեսնում էինք մարդիկ են եկել՝ շատ էինք ուրախանում, բայց ոչ թե նրա համար, որ մեր փոխարեն են եկել, այլ ուղղակի ընդհանուր դուխը բարձրանում էր: Իրենց ներկայությունը հենց հերիք էր, ոչ թե բացատրում էին, թե ինչ անենք, որ չընկճվեինք և այլն, այլ հենց իրենց գալն էր ուրախացնում:
-Այստեղից ի՞նչ լուրեր էին հասնում սահման:
-Սկզբում ոչ մի բան չեմ իմացել, չեմ հարցրել, բայց արդեն, երբ ամեն ինչ նորմալ էր, ընկերներիս հետ էի խոսում, ասում էին, թե խոսակցություններ են պտտվում, որ Թալիշն են վերցրել, նկարվել են սահմանին: Բայց դե բացատրում էի, որ դա անհնար բան է, կնշանակեր, թե իրենք եկել են մեր պոստերը պահեն, երբ մենք կանգնած էինք էնտեղ:
Ռաֆայելից իմանալ, թե ինքն ի՞նչ է արել, ինչ է սիրում կամ կարողանում՝ շատ բարդ է, համաձայն է սիրով ու մանրամասն պատմել ընկերների արածների մասին՝ սեփականի մասին քիչ, մակերեսորեն. «Ես չեմ արել դա նրա համար, որ գամ պատմեմ, էդ պահին ստացվել է՝ արել եմ»:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակում սկսեց հայկական կողմի ուղղությամբ, գործի դրեց նաև տանկերը:
Արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում Ռաֆայելը, հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, դասակի հրամանատարի՝ Տոնիկ Մարտիրոսյանի հետ տեսնում է, որ թշնամու տանկերը կրակ են արձակում Թալիշ գյուղի ուղղությամբ:
Ֆագոտ համալիրով Ռաֆայելն արձակում է առաջին հրթիռը և առանց մի մետր իսկ շեղության՝ պայթեցնում հակառակորդի տանկը, հետո՝ երկրորդը: Արձակած երրորդ հրթիռը մինչև տանկին հասնելը, ցավոք, պայթում է, բայց չեն հուսահատվում, 4-րդ հրթիռով խոցվում է 3-րդ տանկը:
-Ե՞րբ ես հասկացել, թե իրականում ինչ է կատարվել, դու ինչ ես կարողացել անել:
-Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ոնց եղավ էդ պահը: Ես մենակ չեմ արել, մենք 5 հոգի ենք եղել, դասակի հրամանատարն ու 2 ֆագոտ հաշվարկ: Երկուսից էլ ես եմ կրակել:
-Եղե՞լ է ինչ-որ պահ, որ ափսոսաս արածիդ համար:
-Արածների համար չէ, բայց չարածների համար՝ եղել է: Բանակից սկսած:
-Ռաֆայե՛լ, բանակում ի՞նչ կփոխեիր:
-Ինչքան էլ փոխելու բան լինի, միևնույն է էլի տեղ կլինի, չենք կարող անթերի բանակ ունենալ: Օրինակ ֆուտբոլի ազգային հավաքականը կարո՞ղ է անթերի լինել: Ամեն տեղ էլ մի բան թերի է:
-Քառօրյան դու հաղթե՞լ ես:
-Չէ, ընկերներ ենք կորցրել, տարածք ենք կորցրել, միայն մի դրվագով, որ տանկ ենք խփել, դրանով հաղթած չենք կարող լինել:
Մինչև բանակ գնալը Ռաֆայելը մոտ երեք տարի սովորել է Գյումրիի 4-րդ արհեստագործական ուսումնարանի փայտի փորագրության բաժնում։ Երբ հարցրի, թե բանակում փորձե՞լ է որևէ բան պատրաստել, մեկ այլ նկար ցույց տվեց, որտեղ բարակ ապակու վրա տարբեր պատկերներ էր փորագրել. պատմեց, որ ընկերներից մեկի մոր ծննդյան կապակցությմաբ են պատրաստել, ուղարկել նրան:
-Շատ նուրբ աշխատանք է, այսքան համբերատա՞ր ես:
-Սա էլ հենց հանգստացնում է:
Նույն մանրակրկիտ ձեռագրով էլ Ռաֆայելը վերացրեց թշնամու տանկերը:
Ալիսա Չիլինգարյան
Այս թեմայով այլ հարցազրույցներ կարդացեք Ապրող և ապրեցնող հերոսներ շարքում