Դատավոր Խաչատուր Խաչատրյանը վատառողջ է․ նա չի կարողացել մասնակցել նիստին

20 հազար ԱՄՆ դոլար կաշառք սռանալու համար մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ մայիսի 31-ին տեղի չունեցավ։ Դատական նիստից բացակայում էր ինչպես ամբաստանյալն, այնպես էլ մեղադրող դատախազը։

Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավոր Սեվակ Համբարձումյանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկից ստացվել է ամբաստանյալի գրությունը, ըստ որի՝ Խաչատուր Խաչատրյանը վատառողջ է․ «Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված ի վիճակի չեմ ներկայանալ այսօրվա դատական նիստին»,- ասված է գրության մեջ։

Իսկ դատախազության դիմումի համաձայն՝ սույն գործով մեղադրողը գործուղման է մեկնել ու բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։

Քննարկելով ամբաստանյալի պաշտպանների հետ նիստը հետաձգելու հարցը, դատարանը որոշեց վերաքննիչ բողոքի քննությունը շարունակել հունիսի 5-ին։

Մեզ հետ զրույցում ամբաստանյալի իրավունքների պաշտպան Կարեն Թումանյանը ասաց, որ այսօր է իմացել ամբաստանյալի առողջության վատթարացման մասին․ «Մենք հենց նոր դատական նիստերի դահլիճում իմացանք այդ մասին և տեղյակ չենք մանրամասների վերաբերյալ»,- նշեց պաշտպանը։

Նա պնդում է պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքն, ըստ որի՝ նախաքննության ընթացքում արձանագրվել են և՛ նյութական, և՛ դատավարական խախտումներ։

Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը առաջին ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ 20 հազար դոլար կաշառք ստանալու համար և դատապարտվել 8 տարի ազատազրկման: Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է բերել։

Նշենք, որ սույն գործով դատվորների կազմի փոփոխություն է տեղի ունեցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել