Ազգային ժողովի պատգամավոր, նախկինում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր անդրադարձավ հակակոռուպցիոն մարմիններին և դրանց արդյունավետությանը։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստին ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթը։
Պարոն Կոստանյանի համոզմամբ՝ նոր մարմին ստեղծել դեռ չի նշանակում արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ․ այն պետք է գործի․ «Մենք կարող ենք ստեղծել 10 մարմին, բայց դա չի նշանակում, որ ինքնին այդ ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը։ Հարկավոր է տեսնել, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները, այդ մարմնի ստեղծման և ձևավորման հանգամանքները տալիս են այդ հնարավորությունը, որ այն գործի»,- այս տեսանկյունից պարոն Կոստանյանի խոսքերով՝ լավագույն հնարավորությունը տվել է Ռումինիայում գործող նմանաբնույթ մարմին․ «Ռումինիայում առանձին մարմին գոյություն ունի, որը բազմաթիվ լիազորություններով է օժտված ու շատ արդյունավետ է գործում»։
Նշենք, որ Ռումինիայում հակակոռուպցիոն մարմինը դատախազության բաժիններից մեկն է, որը տարբեր գնահատականներով արդյունավետ է գործում, սակայն գլխավոր դատախազի փոփոխությամբ հնարավոր է՝ կրճատվի մարմնի անկախությունը։
Պարոն Կոստանյանը վերադառնալով Հայաստանի օրինակին հիշեցրեց, որ նոր մարմինը ստեղծելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ է վերջին 5 տարիներին ինչ հակակոռուպցիոն բացահայտումներ է իրականացնել այդ հանձնաժողովը, նախկին գլխավոր դատախազը պատասխանեց, որ առ այսօր հանձնաժողովին ամբողջական լիազորություններ տրամադրված չի եղել։
Կո՞ղմ եք, որ հակակոռուպցիոն նոր մարմինն ունենա նաև իրավապահ գործառույթներ, հետաքրքրվեցին ԱԺ պատգամավորից․ «Դա պետք է բխի Սահմանադրությունից, օրինակ՝ Ռումինիայի, նաև ես վստահ եմ, որ իրավապաշտպաններն այլ օրինակներ էլ կբերեն, այդ մարմինն ունի և՛ քննչական ֆունկցիա, և՛ դատախազական, բայց մեր Սահմանադրությամբ հստակ սահմանվել է, որ դատախազական ֆունկցիա, ով իրավունք ունի իրագործել, միայն դատախազությունը, քննչականները, այսինքն՝ առանձին սահմանված են, հետևաբար այլ մարմին, եթե օրենքով տաս իրավապահ կամ քննչական գործառույթ, դա հակասում է Սահմանադրության»,- հիշեցրինք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կարող է այդ մասով Սահմանադրությունը փոխել (տես՝ ՀՀ Սահմանադրություն, հոդված 202)․ «Այո, կարող է, բայց եթե մենք Սահմանադրություն ենք փոխում և ստեղծում ենք լրացուցիչ նոր հանգամանք, որը կունենա կոռուպցիայի հանցագործությունների քննության իրավունք, այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունները քննող քննիչ և դատախազ, այդ նույն սկզբունքից ելնելով վաղն էլ մենք կարող ենք ստեղծել առանձին քննիչ և դատախազ երեխաների իրավունքների պաշտպանության համար, կոնցեպցիան կխախտվի»,- պնդեց պարոն Կոստանյանը։
Գևորգ Թոսունյան