Անվանակոչված 147 հիմնական դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը՝ Ալեքսանդր Աբաջյանին:
«Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նման վերաբերմունք արտահայտել բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, կռիվ են տվել հանուն հայրենիքի պաշտպանության: Այս քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է և ինչպես այսօրվա աշակերտները, այնպես էլ եկող սերունդը, հաճախելով այս կրթօջախ, կիմանան, թե ինչ հերոսներ են սովորել այստեղ ու, վստահ եմ, հայրենասիրության իրենց պատկերացումները կգտնեն հենց Ռոբերտ Աբաջյան հերոսի մեջ»,-իր խոքսում նշեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Աշակերտները խոստացան իրենց ուսումն այդ դպրոցում շարունակել աբաջյանական ոգով ու նվիրումով:
Դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Օֆելյա Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ռոբերտի հայրը մշտապես մասնակցել է հուշաքարի տեղադրման աշխատանքներին «Իր ձեռքով հատ-հատ դնում էր ծաղիկները, ու ինչքան մեծ սիրով է դա անում, ինչ մեծ ցավով. դպրոցի համար սա իսկապես մեծ պատիվ է»:
Ալիսա Չիլինգարյան