Ընտրողը հանձնում է իր մատնահետքը, քանի որ քվեարկությանը մասնակցելու և տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվելու համար դա ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանված կարգն է, և ապացույց է քվեարկությանն անձամբ մասնակցած լինելու վերաբերյալ:
Եթե լինեն բողոքներ խնդրահարույց գրանցման դեպքերի հետ կապված, գրանցված մատնահետքերի տվյալների շտեմարանը թույլ կտա ճշտել գրանցման ստույգությունը, ինչպես նաև թույլ կտա համեմատել և ճշտել բնակչության բիոմետրիկ շտեմարանի հետ։ Ներկայումս բնակչության պետական ռեգիստրն ընդգրկում է բնակչության կենսաչափական տվյալների շուրջ 30%-ը։
Մատնահետք հանձնելու քայլը պարտադիր է բոլոր ընտրողների համար, և դուք չեք կարող մասնակցել ընտրությանը, եթե հրաժարվում եք տրամադրել ձեր մատնահետքը։ Մատնահետքի գրանցումը կարող է չիրականացվել միայն երկու դեպքում՝
1․ երբ անհնար է մատնահետք տրամադրել ֆիզիկական արատի կամ վնասվածքի պատճառով․
2․ երբ տեխնիկական սարքավորումը չի կարողանում ընթերցել մատնահետքը։