Կալանավայրում գտնվող Սպարտակը բջջային հեռախոսի միջոցով ծանոթացել է Ռազմիկի հետ: Այնուհետև բջջային հեռախոսով List.am կայքում տեսել է հեռախոսների վաճառքի հայտարարություն, զանգել է, պայմանավորվել գնման համար: Այնուհետև Ռազմիկը գնացել է հանդիպման, վերցրել հեռախոսները, խոստացել, որ գումարը բանկային հաշվին կփոխանցի ու անհետացել է: Այս երկուսը 18 նմանատիպ հափշտակություն են կատարել, նրանց հասցված վնասի չափը շուրջ 18 միլիոն դրամ է:
Այսօր Քննչական կոմիտեում խորհրդակցություն էր հրավիրված քրեակատարողական հիմնարկներում կալանքի տակ գտնվող անձանց կողմից խարդախությամբ կատարված հափշտակությունների վերաբերյալ:
Քննչական կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նմանատիպ հանցագործությունների աճի միտում է նկատվում: 2016 թվականի ընթացքում Հայաստանում խարդախությամբ գույքի և գումարի հափշտակության 964 դեպք է գրանցվել, որից 106-ը կազմակերպվել է անազատության մեջ գտնվող անձանց կողմից: Նրանց կողմից կատարված հանցագործության հետևանքով տուժողներին հասցվել է շուրջ 150 միլիոն դրամի վնաս:
Փաստական տվյալները վկայում են, որ նմանօրինակ հանցագործությունները հիմնականում կատարվել են բջջային հեռախոսնրի միջոցով: Ի դեպ, բջջային հեռախոսները համարվում են արգելված իրեր:
Այսօրվա միջոցառման ժամանակ բանախոսները հատուկ ընդգծում էին քաղաքացիների զգոնության կարևորությունը. միայն զգոն լինելու դեպքում հնարավոր է կանխել հանցագործությունն ու զոհ չդառնալ: Փաստերը ցույց են տվել, որ քաղաքացիները բավականին պարզունակ իրավիճակներում են ընկնում հանցավորների ծուղակը: