Բանակի տոնին նվիրված համերգի կազմակերպման համար պաշտպանության նախարարությունը այս տարվա հունվարի 16-ին պայմանագիր է կնքել «Ադվերտա» ընկերության հետ:
Գնման վերաբերյալ փաստաթղթից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ մշակութային այս միջոցառման համար ՊՆ-ն պայմանագրով պարտավորվել է վճարել 50 միլիոն դրամ:
Մեկուկես ժամ տևողությամբ համերգը կամզակերպվել է 1200 հոգու համար:
Պայմանագրով նախատեսվել է.
- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճի վարձակալություն (3 օր),
- ձայնային և լուսային հավելյալ սարքավորումների վարձակալություն և սպասարկում(ըստ անհրաժեշտության),
- ԼԵԴ էկրանի վարձակալություն և սպասարկում (70-80 քառ. մետր, 3 օր), բեմի ձևավորման համար անհրաժեշտ մետաղական ֆերմայաձև կոնստրուկցիաների վարձակալություն և մոնտաժում(22-25 գ/մետր, ուղղանկյունաձև),
- համերգային բեմի դեկորացիաների, ֆոյեի, շքամուտքի եռաչափ նախագծում, սարքավորումների, բեմի դեկորացիաների պատրաստում, ֆոյեի և նախամուտքի ձևավորման համար թեմատիկ պաստառների (8 հատ/, դրոշակաբուրգերի/4 հատ/, կարմիր գորգերի/30-35 քառ. մետր) ապահովում,
- LED էկրանների համար գրաֆիկական, անիմացիոն պատկերների պատրաստում, Էֆեկտների ապահովում (ծանր ծուխ, կոնֆետի, սերպանտին),
- 10 մենակատարների, 2 հաղորդավարների, 6 պարային և երգի համույթների, 2 նվագախմբի մասնակցություն,
- հրավիրատոմսի(գունավոր, երկկողմանի տպագրություն, թուղթը՝ կավճապատ, առնվազն 10*20սմ չափսի) և բուկլետի (գունավոր, սեղանի օրացույցի ֆորմատով, ուղղանկյուն, երկկողմանի տպագրություն, առնվազն 16 թերթ, կազմը՝ կոշտ, թուղթը՝ կավճապատ, առնվազն 10*30սմ չափսի) դիզայն և տպագրություն (1200 հատ), մետաղական կրծքանշանների (կլոր, տրամագիծը առնվազն 4սմ) պատրաստում (1200 հատ), տեսահոլովակների նկարահանում և ցուցադրում(3-4 հատ, տևողությունը 3-4 րոպե)։
Պայմանագրի կատարման վերջնաժամկետ նշվում է հունվարի 28-ը: Համերգի համար նախատեսված 50 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նույնպես հունվարի 28-ին կազմակերպված համերգային միջոցառման համար ՊՆ-ի կողմից 50 միլիոն դրամ էր հատկացվել:
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net