Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:
Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:
Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Կարևոր է նաև իմանալ, որ Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել նշված ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:
Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել վեց ամիսն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում: