Քչերը գիտեն հետևյալ կարևոր օրենսդրական փոփոխության մասին

ՀՀ քրեական օրենսգրքում մինչև 2016 թվականի մայիսի 16–ը գործող խմբագրությամբ և 215–րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության հանցակազմի 1–ին մասը ձևակերպված է եղել հետևյալ կերպ.

«1. Մաքսանենգությունը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների

(…)»

Սակայն, 2016 թվականի մայիսի 16–ին ընդունված թիվ ՀՕ–83–Ն օրենքով` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ հոդվածով քրեականացված արարքները նոր ամրագրում ստացան, սակայն ինքնին ապրանքների մաքսանենգությունը ապաքրեականացվեց։

Այսպես, մինչև մայիսի 16–ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215–րդ հոդվածը փոխարինվեց 215.1 «Կանխիկ դրամական միջոցների և (կամ) գործիքների մաքսանենգությունը», 215.2 «Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը» վերտառությամբ հոդվածներով։

Միևնույն ժամանակ, նույն  ՀՕ–83–Ն օրենքով նաև օրենսգրքում ամրագրվեցին «Խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը» և «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը» վերտառությամբ հոդվածները, որոնք փոխարինելու եկան նախկին խմագրությամբ գործող 215–րդ հոդվածի 2–րդ մասին։

ԻՐԱՎԱԲԱՆ.NET 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել