«Անընդունելի է ընկերությունը՝ հանուն որևէ մեկի ճակատագրի». դատարանի նախագահ Դավիթ Բալայան

«Պետք է հասկանալ՝ եթե մեկի հետ ընկերություն ենք անում, ապա ո՞ւմ ճակատագրի հաշվին ենք այդ ընկերությունն անում»,- նրա համար անընդունելի է, երբ դատավորի և կողմերի միջև հարաբերություններ են ստեղծվում՝ շահերի բախում առաջացնելով:

Դավիթ Բալայանը նաև աշխատանքային սոլիդարության կողմնակից է: Նրա խոսքերով՝ չնայած որոշ դատախազներ դժվար են տանում արդարացման դատավճիռները, այդուհանդերձ համակարգում մոտեցում է ձևավորվում, որ դրանք նաև իրավապահների թերացման արդյունք է:

Պարոն Բալայանը, ով իր նիստերը շատ հաճախ վարում է խստապահանջությամբ և կատակներ անելով, համոզված է՝ դատավոր պետք է դառնալ հենց դատարանից. «Որպեսզի անձը ճիշտ կարողանա գնահատել ու հասկանալ՝ ինչ է արդարադատությունը, նա պետք է նիստ վարելու կարողություն ունենա»,- նշում է մեր զրուցակիցը:

«Հայաստանի դատավորները» շարքի շրջանակներում պարոն Բալայանի հետ խոսել ենք դատավորի կերպարից՝ փորձելով բացահայտել հենց Դավիթ Բալայան դատավորին ու իհարկե՝ անձին: Մանրամասները հարցազրույցում:

 – Շատ հաճախ, մարդիկ փաստաբան, քննիչ կամ դատավոր են դառնում անցյալում հանդիպելով անարդարության, ինչն էլ ազդակ է հանդիսանում, որ մարդիկ ընտրեն հենց այս մասնագիտությունը: Դուք ինչպե՞ս ընտրեցիք հենց իրավաբանությունը:

– Ես փոքր հասակում երազել եմ միշտ փաստաբան դառնալ, կարդում էին Պերի Մեյսն, Ագաթա Քրիստի, Արթուր Կոնրադ, ոգևորված էի շատ նրանց աշխատանքներով: Հետագայում այնպես ստացվեց՝ ես ավարտեցի ոչ պետական բուհը ու եղել եմ այն դատավորը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը բավականին երիտասարդ տարիքում՝ 26 տարեկանում՝ ավարտած լինելով ոչ պետական բուհ: Նման նախադեպ իմ դեպքից երկու տարի առաջ է միայն գրանցվել: Ետ գնալով՝ նշեմ, որ 1997թ.-ին ես փաստաբան դարձա, ՓՊ նախկին ղեկավար՝ Ռուբեն Սահակյանի ստաժորն եմ եղել ու նրանից շատ բան եմ սովորել, այնուհետև ընդունվել եմ Վերաքննիչ քրեական դատարան՝ որպես դատավորի օգնական: Այդ հիմնարկը նոր էր ձևավորվել ու շատ ծանր աշխատանք էր մեզ բաժին ընկել, որպես այդպիսին՝ քննված գործ չկար: Մի խոսքով՝ նոր ինստիտուտ էր ներդրվել:

13240749_119635238454578_2091856253030881322_nՄի դեպք եղավ, որ ես հոդված հրապարակեցի թերթում՝ հոկտեմբերի 27-ի գործով Ալիկ Հարությունյանի կալանքի տակ պահելու ժամկետը առաջին ատյանը երկարացրել էր մեկ ամիս ժամկետով, դրա դեմ բողոք էին բերել դատախազն ու փաստաբանը, դատախազը խնդրում էր երկու ամսով կալանավորել նրան, իսկ պաշտպանը, ասում էր, որ այդ մեկ ամիսն էլ է շատ: Ես մի հոդված հրապարակեցի՝ գրելով, որ դատախազը իրավունք չուներ ընդհանրապես նման բողոք բերելու, քանի որ Վերաքննիչ դատարանի լիազորություններում չէր մտնում այդ հարցը, այսինքն՝ միջնորդածից քիչ կամ շատ ժամկետ նշանակելու հարցը լուծել, պրակտիկան էլ այդպես չէ, դատարանը կամ պետք է բավարարի կամ մերժի: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարել էր մասնակի, ճիշտ կլիներ, որ մի ամսից, երբ 10 օր կմնար, դատախազը նորից ներկայացներ միջնորդություն, ոչ թե պնդեր, թե քիչ է բավարարել: Ինչևէ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի իմ գործունեությանը՝ այնպես ստացվեց, որ ես բոլոր քննություններին մասնակցում էի, հավանականությունը մեծ էր նշանակվելու, քանի որ այդ տարիներին թափուր տեղերը շատ էին՝ 30-ից ավելի: Սկզբում Գեղարքունիքի մարզում նշանակվեցի, շատ ուրախ եմ, որ այնտեղից սկսեցի դատավորի աշխատանքս: Ի՞նչ եմ ուզում ասել՝ այդ տարիներին Վերաքննիչ դատարանի դատավորների օգնականների կեսը ներկայումս գործող դատավորներ են: Դատավոր պետք է դառնալ հենց դատարանից, պետք է անցնել այդ ճանապարհը: Որպեսզի անձը ճիշտ կարողանա գնահատել ու հասկանալ՝ ինչ է արդարադատությունը, նա պետք է նիստ վարելու կարողություն ունենա: Նիստ վարելը բավականին դժվար է: Իրավիճակից էլ է դա կախված: Ես մի դեպք նկարագրեմ, մի աղմկոտ գործով ես իջա դահլիճ, նիստերի դահլիճում գտնվող անձիք պաստառներով ինձ դիմավորեցին, երբ ասացի՝ ոտքի, մի մասը այդպես էլ չկանգնեց, սովորաբար նման դեպքերում, ես անձանց դուրս եմ հրավիրում, սակայն այդ պահին դա չարեցի, եթե դուրս հրավիրեի, նրանք դուրս չէին գա ու նիստ չէի կարողանա անցկացնել, ես պարզապես չնստեցի, մնացի կանգնած պարզապես, նրանք ինքնաբերաբար վեր կացան ու ոտքի կանգնեցին, ես ասացի՝ նստեք խնդրեմ, այնուհետև սկսեցի հայտարարել, որ նիստը համարվում եմ բացված, լսվեցին բղավոցներ, որ ցածր եմ խոսում, խնդրեցի նրանց առաջ նստել: Հետո արդեն նիստից էլ էի անձանց դուրս հրավիրում, տուգանում էի և այլն: Նկատի ունեմ՝ արդեն հնարավոր էր կառավարել դահլիճը: Շեշտեմ՝ շատ դժվար աշխատանք է, բացի այդ՝ կառավարելու սովորությունը փոխանցվում է քեզ ու դու տանն էլ սկսում նույն կերպ վարվել, ճիշտ է՝ տանը հայր ես, միգուցե իրավունք ունես, սակայն մշակույթը անկախ անձից ձևավորվում է քո մեջ ու իր մասին զգացնել է տալիս նաև առօրյա կյանքում:

– Դուք խոսեցիք հոգեբանական տարրի մասին, իմ կարծիքով՝ մարդուն դատելը հեշտ բան չէ, ի՞նչ եք զգում դատավճիռ կայացնելիս:

img_1477– Ես իմ աշխատանքից հաճույք եմ ստանում: Երբ մտնում եմ դատական նիստերի դահլիճ, պատկերավոր ասած, ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում: Թող ամպագոռգոռ չհնչի, սակայն ես սիրում եմ իմ աշխատանքը: Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա ասեմ, որ այս տարի եղել է դեպք, երբ դատախազը պահանջել է ավելի քիչ դատապարտել, սակայն ես երկու տարի ավելի պատիժ եմ նշանակել անձի նկատմամբ, ես գտել եմ, որ այդպես եմ նշանակել, կամ էլ հակառակն է եղել: Ես չեմ ուզել մարդուն վատություն անել, դատավորը չի կարող կանոն ունենալ՝ մեկին օգնելու: Ինչ-որ մեկի խնդրանքով որևէ մեկին վատություն կամ լավություն անելով՝ չես կարող դատավոր աշխատել, մենք պետք է միշտ հասկանանք, եթե մեկի հետ ընկերություն ենք անում, ապա ում ճակատագրի հաշվին ենք այդ ընկերությունն անում, սա շատ կարևոր հանգամանք է: Բացի այդ, շեշտեմ, որ կյանքը միշտ ավելի հարուստ է իր օրինակներով, քան օրենքը կարող է լինել: Մենք չեն կարող միայն չոր օրենքով աշխատել ու այդ սկզբունքներից ելնելով միշտ առաջնորդվել:

– Երբևէ եղե՞լ է այնպես, որ կայացնեք իրավական դատական ակտ, որին դեմ եք՝ որպես անձ:

– Նման բան կարող է լինի, բայց այդ պահին, որ ես կայացնում եմ՝ դրա հետ համամիտ եմ: Կարող է իմ դատական ակտը բեկանվի վերադաս ատյանի կողմից, ես այդ ակտը կարդամ ու հասկանամ, որ նրանք ճիշտ են եղել: Բայց եթե ես կայացնելու պահին ուրիշ դիրքորոշում ունենամ, այլ դատական ակտ կայացնեմ, այդպես չի կարող լինել: Շատ ակտեր էլ կան, որ Վերաքննիչ դատարանը բեկանում է, այո, ես իրավունք չունեմ հաշվի չնստել այդ ակտի հետ, սակայն ներքուստ՝ որպես իրավաբան, որպես այդ որոշումը կայացրած դատավոր, ես կարող եմ գտնել, որ նրանց պատճառաբանությունն ինձ չի գոհացնում:

– Իսկ մեղադրողների հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են: Ժամանակին, կարծես նրանք հեշտ չէին տանում արդարացումները:

img_4359-copy– Դե հիմա էլ հեշտ չեն տանում, ես այս տարի երկու արդարացման դատական ակտ եմ կայացրել: Առաջին դատական ակտով դատախազը, ում այլ նիստերով նույնպես հանդիպում էինք, մի զրույցի ժամանակ հարցրի, թե արդյոք բողոք չի պատրաստում բերել, պատասխանեց, որ բերելու է, հարցրի պատճառն՝ ասաց, որ ինքն էր մեղավոր, որովհետև չկարողացավ լավ ներկայացնել մեղադրանքը: Իմ դուրը եկավ այն, որ նա ընդունեց հանգամանքը, որ մեղադրանքը կողմը գործը լավ չի կարողացել քննել: Նշեմ, որ նա երիտասարդ մեղադրող է, մինչդեռ օրինակ՝ իմ տարիքի դատախազը չի համաձայնվի, կպնդի, որ դատարանը գործը «ջարդեց»: Ինձ շատ դուր եկավ այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն վերլուծեց արդարացման դատական ակտերն ու իր համար եզրահանգումներ արեց: Մենք շատ արդարացման դատական ակտեր ունենք, որով անձը մեղավոր է, սակայն քննիչը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում այդ ապացույցները չի հավաքել, խախտումներով է եղել, և դու չես կարող այդ հիմքով մարդուն դատապարտել, քանի որ չես կարող հիմնվել այդ ապացույցների վրա: Սա 1937թ.-ը չէ, որ մարդկանց անմեղ բերեն ու ասեն՝ դատեք: Հետազոտեք և կտեսնեք, որ հանցակազմի բացակայության հիմքով արդարացումները քիչ են, մեծամասամբ՝ ապացույցների անբավարարությամբ են լինում:

– Ըստ Ձեր կենսագրության՝ մասնակցել եք մի շարք միջազգային գիտաժողովների՝ Հայաստանում և արտերկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռումինիա և այլն: Ի՞նչ կարող է մեր դատական իշխանությունը քաղել այդ երկրների փորձից:

– Ռումինիայում ես եղել եմ պրոբացիոն ծառայության վերաբերյալ վերապատրաստման: Այդ երկրում այն ներդրված է: Շատ հետաքրքիր էր նրանց փորձը, էլեկտրոնային մոնիթորինգի, զեկույցների վերաբերյալ բան ունենք սովորելու, մեզ մոտ չկա դա դեռ, այլ խնդիր է, թե որը կվերցնեն, լավ ասացվածք կա՝ խելոքները սովորում են ուրիշի սխալների վրա: Մենք պետք է կարողանանք տեղայնացնել՝ հասկանալով, թե արդյոք նրանց դրական փորձը դրական կընկալվի մեր հասարակության մեջ, թե՝ ոչ:

– Ձեր կենսագրությունից տեղեկացա, որ ունեք երեք երեխա, խնդրում եմ ներկայացնել ընտանիքը:

– Իմ կինը իրավաբանական գիտությունների թեկնածու է, շատ հաճախ մինչդատական վարույթի հարցերով նրա հետ խորհրդակցում եմ, նա այդ ոլորտի մասնագետն է, նա էլ ինձ հետ է խորհրդակցում: Մեծ տղաս 15 տարեկան է, աղջիկս՝ 11 տարեկան, փոքր տղաս էլ այս տարի է սկսել դպրոց հաճախել: Նրանք իրենց էության շատ լավն են, բայց չեն ուզում սովորել, համակարգիչ, հեռախոս և այլն, այս ամենը խանգարում են, սակայն բավականին խելացի երեխաներ են:

img_4343-copy– Ես նկատեցի, որ ձեր աշխատասենյակի պատին զենքերի մակետներ են կախված, միգուցե սե՞ր ունեք որսորդության հետ:

– Այդ մակետներից մեկը դատախազ է նվիրել, ով իմ ընկերն է, երկրորդը՝ իմ կոլեկտիվը ծննդյանս արարողության ժամանակ: Ես որսորդ միության անդամ եմ ու որսի եմ գնում: Որսորդությունը սթրես հանող է, թեև վերջին շրջանում ծանրաբեռնվածության պատճառով այդ հնարավորությունը չեմ ունենում:

– Այլ հոբբի ունե՞ք:

– Ժամանակին նուբիզմատ եմ եղել. ոչ թե փող, այլ պարզապես կոպեկներ եմ հավաքել, հիշում եմ՝ մեկ անգամ մի սեմինարի ժամանակ ասացին, թե ինչ հետաքրքրություն ունեք, կատակեցի, որ փող եմ հավաքում:

Կարդացեք նաև՝

«Կենտրոն» դատարանի նախագահ. մենք չենք ուզում, որ դատական համակարգը փորձադաշտ լինի

Դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և վերջ. Ալեքսանդր Ազարյան

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել