«Իմաստը ո՞րն էր փոխելու»,- օրենքներ ու օրենսգրքեր փոփոխող ու դատավորի աշխատանքը ծանրաբեռնող գերատեսչություններին, ղեկավարներին և այս ամենի համար գումար տվող դոնորներին հարցնում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Նրա մոտ տպավորություն է, թե հաճախ փոփոխություններ նախաձեռնում են անձիք, ովքեր երբևէ դատական նիստի չեն մասնակցել:
Սա մեկ խնդիր: Երկրորդը դատարանը քննադատողներն են, անոմալ է. «քննադատում են ու հայցով դիմում դատարան», ընդ որում՝ քաղաքացիական գործերով վերադաս ատյանում բերված բողոքները չնչին տոկոս են կազմում:
Մեր հարցազրույցի մեջ կարմիր թելով անցնում է մի գաղափար՝ թողեք դատական համակարգը զարգանա և իր ետևից կտանի մյուս պետական մարմինները: Կարմիր էր նաև պարոն Վարդազարյանի թևնոցը, այնպես որ՝ զրույցը ոչ միայն համակարգային խնդիրների, այլ նաև Ռուբեն Վարդազարյան անձի մասին է:
Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցից հետո, սոցիալական ցանցերում եղան նաև զարմանքի խոսքեր, օգտատերերը արձանագրում էին՝ ողջունելու է, որ դատավորները սկսել են խոսել: Այո, դատավորները խոսում են, բարձրաձայնում առանցքային խնդիրներ, որովհետև օրենսդիրի, գործադիրի սխալը, որը վնասում է դատարանին ուղիղ և անմիջական կերպով ազդում է նաև քաղաքացու իրավունքներին:
Ի՞նչ խնդիրներ կան, որ խոչընդոտում են դատական համակարգին: Ի՞նչու ստեղծվեց տպավորություն, թե դատարանները անտեսված են, ինչո՞ւ է դատարանի նախագահը կրում կարմիր գույնի թել հիշեցնող թևնոց և արդյոք նաև երբևէ կայացրել է վճիռ, որին որպես իրավաբան կողմ է, որպես անձ՝ դեմ:
Մանրամասները՝ «Հայաստանի դատավորները» շարքում:
– Ինչո՞ւ որոշեցիք դառնալ հենց իրավաբան:
– Ւմ ծնողները երկուսն էլ բժիշկ են, տրամաբանական էր, որ ես էլ կդառնամ բժիշկ: Երբ արդեն դպրոցում կողմնորոշվելու, մասնագիտություն ընտրելու խնդիր էր առաջացել, հայրս ասաց. «Դու հիմա էլ կեսդրույք բժիշկ կարող ես աշխատել, բայց ինձնից քեզ խորհուրդ՝ բժշկի գործն անշնորհակալ գործ է, արի դու իրավաբան դարձիր»: Ընդամենը այս մի անկեղծ զրույցն է եղել ծնողիս հետ: Ընդունվեցի նաև ազդված լինելով այս մասնագիտությամբ: Գիտեք՞, որպես կանոն այսպես է՝ առաջին կուրսում բոլորը երազում են գլխավոր դատախազ դառնալ, երկրորդ կուրսում դատախազի տեղակալի պաշտոնը ստանալուն էլ են կողմ, երրորդում՝ ուղղակի շրջանի դատախազ, չորրորդ կուրսում՝ պարզապես դատախազության քննիչ, իսկ 5-րդ կուրսում ասում են՝ «Դե՛, մի տեղ օպեր էլ նշանակվենք, լավ է»: Ինչևէ, գաղափարը եղել է աշխատել իրավապահ ոլորտում:
-Նախորդ տարվանից մեկնարկեցին քաղաքացիական օրենսգրքի փոփոխման աշխատանքները: Ո՞ր իստիտուտներն են Ձեզ համար առաջնային:
– Քաղաքացիական օրենսգիրքն այնքան հիմնաքարային օրենսգիրք է, որ ինչ էլ փոխենք, կոսմետիկ բնույթ է կրելու, ինստիտուտներ չեն կարող փոխվել: Հին Հռոմից եկած ինստիտուտներ են, Նապոլեոնից եկած օրենսգիրքն է՝ ադապտացված մեր պայմաններին:
– Անցնենք քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխություններին: Թե չեմ սխալվում նախագիծն արդեն պատրաստ է:
– Շրջանառության մեջ է դրվել: Չեմ հասկանում՝ ով կամ ինչի համար, բայց հիմա փորձ է կատարվում այնպես անել, որ հնարավորինս դժվարացնեն դատավորի աշխատանքը: Մեկ օրինակ բերեմ՝ այսօր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149 ցուցիչ 8 հոդվածն ասում է՝ «Գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը և ապացուցման բեռը բաշխվում է կողմերի միջև», շատ հստակ ձևակերպում: Հիմա օրենսգրքում փոփոխություն են անում և ուզում են ամրագրել այն, որ դատավորը պետք է այդ որոշումը գրավոր տա: Ով էլ, որ այդ առաջարկությունն անում է, երբեք դատական նիստի չի եղել, նույնիսկ՝ դիտորդի դերում: Ի՞նչ է նշանակում՝ ապացուցման բեռը բաշխել կողմերի միջև և որոշումը լինի գրավոր, դա նշանակում է կողմնակալ մոտեցում, որովհետև մրցակցության սկզբունքն է խախտվում և անիմաստ ծանրաբեռնվում է դատարանը, պարզ պրիմիտիվ խնդիր ասեմ՝ որևէ հեռախոսային կապի օպերատոր դիմում է դատարան՝ նշելով, որ քաղաքացին օգտվել է կապի ծառայությունից և խնդրում է բռնագանձել 30 հազար դրամ, այս մարդն էլ չի առարկում, ասում է՝ «Այո, օգտագործել եմ, կտամ գումարը»: Ես ինչո՞ւ պետք է գրեմ այդ որոշումը, ո՞ւմ է անհրաժեշտ այդ ծանրաբեռնվածությունը: Այսինքն՝ պետք է հայեցողական լիազորություն լինի: Եղել են գործեր, որ ես ինքս եմ գնացել այդ քայլին՝ գրավոր ձևով այդ որոշումը կայացրել եմ, քանի որ գտել եմ՝ գործը բարդ է ու խնդրահարույց: Մեր դատարանը 2015թ. ստացել է 5878 քաղաքացիական գործ, վստահ եմ, որ մինչև 7000 գործ լինելու է 2016թ.-ին: 7000 որոշում կայացնել ապացուցման բեռը բաշխելու մասին, իմաստը ո՞րն է: Տպիչ, թուղթ, համակարգիչ, էլեկտրաէներգիա, օգնականի աշխատանք, անիմաստ ծանրաբեռնվածություն, որովհետև ոչ մեկ դա չի կարդալու, որովհետև այն գործով, որով դա էական է, այն հրապարակվում է բանավոր կամ գրավոր ու դառնում է գործի լուծման համար անկյունաքարային, բայց այն գործով, որ ոչ հայցվորն է գալիս, ոչ էլ պատասխանողը, վերջինս ընդունում է, վեճ էլ չկա, ըստ էության, հարկ չէ: Տպավորություն է ստեղծվում, որ հատուկ չեն ներգրավվում առաջին ատյանի դատարանի դատավորներին նման գործընթացում: Ամենօրյա կիրառողը առաջին ատյանի դատարանի դատավորն է՝ սկսած Ամասիայի դատարանից՝ վերջացրած Կենտրոն դատարանով: Շատ հաճախ գալիս է նախագիծ՝ բավականին հաստափոր, օրինակ՝ 30 էջանոց, նամակում նշվում է՝ «Խնդրում ենք մինչև վաղը 15:00-ն կարծիք հայտնել»: Անգամ պրակտիկորեն ժամանակ չի հերիքում, որ ես դա տպեմ, բազմացնեմ, տամ դատավորներին ու կարծիք հայտնեն: Հետևաբար գրում ենք, որ դիտողություն ու առաջարկություն չունենք, վերջերս ես գրում եմ, որ ժամանակի սղության պատճառով կարծիք չենք հայտնում: Նախկին օրենսգրքում կար բացարկի ինստիտուտ, վերցրեցին, փոխեցին, դարձրին ինքնաբացարկի ինստիտուտ, այսինքն՝ դատավորին ասում են՝ «Դու վատն ես, արագ ինքնաբացարկ ընդունի», մանկական խաղ է ստացվում, իմաստը ո՞րն էր փոխելու: Կար հայցն առանց քննության թողնելու ինստիտուտ, շատ լուրջ գործիք էր: Որպես դրական օրինակներ՝ հարյուրավոր գործեր կարող եմ ներկայացնել: Բանկը հայցադիմում է գրում և ներկայացնում կես էջանոց միջնորդություն, հետևյալ տեսքով՝ գործը քննի իմ բացակայությամբ, եթե պատասխանողին չես կարող գտնել, էլեկտրոնային ծանուցի, եթե էլեկտրոնային չես կարողանում հայտնաբերել, դիմի համայնքին, վերջում կատարողականն ինձ ուղարկի: Ես՝ որպես դատարան, վիրավորված եմ: Այսինքն՝ մի իրավաբան մի շաբլոն ձև է մշակել, երկու էջանոց հայց է գրում, ընդ որում՝ բավականին պրիմիտիվ է բանկի հայց գրել, և ամբողջ դատարանը սկսում է տանջվել ու աշխատել այս իրավաբանի մտքի շուրջ: Ամեն ինչ ավտոմատացված է նրա մոտ, իսկ մենք սկսում են՝ ծանրաբեռնված աշխատանքը: Հայցն առանց քննության թողնելու ինստիտուտը շատ պարզ տրամաբանություն ուներ և աշխատում էր: Անիմաստ և ոչ մի բան չնշանակող հայցեր չէին լինում: Եթե պահանջ ունես, բարի եղիր, եկ դատարան և պահանջդ պնդիր: Ինչո՞ւ վերացրին, ինձ համար բացարձակ անհասկանալի է:
– Մի հետաքրքիր հանգամանք նկատեցի՝ ոչ միայն ձեզ հետ տարբեր փաստաբանների ու դատավորների հետ զրույցների արդյունքում: Մեր նախորդ հարցազրույցում արձանագրեցիք՝ ուզում էին շենքը ավելի շատ հարկեր լիներ, թույլ չտվեցին, ԱՆ-ն փոխում է օրենսգրքերը՝ առանց ձեզ հետ քննարկելու և այլն: Ոչ միայն ձեր այլ նաև մյուսների խոսքից տպավորություն է ստեղծվում, թե դատական համակարգը մեկուսացված է, Չեն ուզում ներգրավվել որոշ հարցերում, որից տուժում են քաղաքացիները, մարդիկ:
– Դատական իշխանությունը և դատական համակարգը կարծրացած համակարգ է և կոնսերվատիվ մոտեցումներով: Մենք չենք ուզում, որ դատական համակարգը փորձադաշտ լինի: Չենք ուզում, որ օրենք գրեն ու փորձարկեն դատական համակարգի վրա: Մենք գրանտներ չենք ստանում, մենք չունենք այն երիտասարդները, որոնք դրսում սովորում են ու փորձում են ամպագորգոռ բառեր օգտագործելով՝ լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ մտցնել:
Դատական համակարգն ավելի կարծր է ու պաշտպանողական դիրք է բռնում նորամուծության դեմ: Մենք նորն ուզում ենք, բայց մեզ հետ համաձայնեցված: Ինչո՞ւ չեն ներգրավվում, երևի թե ցանկացած իշխանություն, լինի գործադիր, թե օրենսդիր փորձում է իշխանություն ունենալ դատական համակարգի վրա ու որ չի ստացվում, լծակներ է կիրառում, սկսում է բողոքել, դժգոհել, ասելով՝ դատական համակարգն անկախ չի, ումի՞ց անկախ չէ: Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել դատարանի շուրջ, բոլորը բողոքում են, բայց բոլորը նաև գալիս են դատարաններ: Այնուամենայնիվ, կասեմ, որ դատարանները մեկուսացված չեն, բայց աշխատում են հեռու մնալ ու չներգրավվել: Մեր դիրքորոշումը շատ հստակ է լինում: Մի պարզ օրինակ բերեմ, ինձ համար դեռ շուտ է՝ սոցապ նախարարությունը որոշում է դատավորների կենսաթոշակի մասին (խոսքը 220 դատավորների մասին է) փոփոխություն անի, օրենքը մտնում է ուժի մեջ, նոր ենք հասկանում, որ մեր մասին փոփոխություն է կատարվել, ինձ համար սա ապտակ է, որով ապտակեցին դատական համակարգին, միտումնավոր են արել, թե՝ ոչ, կարծում եմ՝ ոչ: Հետագայում որոշ քայլեր ձեռնարկվեցին, հասկացան, որ սխալ են: Հնարավոր չէ դատական համակարգի վերաբերյալ օրենք ընդունել, առանց դատարանին հարցնելու:
– Կա կարծիք, որ եթե դատական համակարգը բարեփոխվի, արդյունավետ գործի, մյուս բոլոր համակարգերը կաշխատեն: Ուզում եմ կապը շեշտել, որ շատ բան կախված է հենց դատական համակարգից: Համամի՞տ եք այս մտքի հետ:
– Այո, եթե մենք ջանք ներդնենք ու արդյունավետ դարձնենք դատական համակարգն ու դատական իշխանությունը, այն կբարեփոխի բոլոր պետական համակարգերը: Եթե դատարանը լինի այնպիսին, ինչպիսին որ մենք ենք պատկերացնում, մնացած բոլոր պետական մարմինները հետևից տանելու է: Որոշ ժամանակ անց, կունենանք որակյալ հասարակություն:
– Եկեք անցնենք անձնական հարցերին: Կխնդրեի՝ խոսեք ընտանիքից:
– Իմ տղան ընտրել է նույն մասնագիտությունը, այժմ ծառայում է զինված ուժերում: Ընդ որում՝ տղայիս հարցում միջամտություն չեմ ունեցել: Աղջիկս դեռ անչափահաս է: Նա ավելի ճշգրիտ գիտությունների կողմնակից է:
– Պարոն Վարդազարյան, Դուք տանը նույնպես դատավորի խստապահանջությունը պահպանում եք:
– Եթե տանը լինում եմ, երբեմն՝ այո: Հասնում եմ ուշ ու եթե անգամ փորձում են հարց տալ, նյարդայնացած պատասխան եմ տալիս, մեկ-մեկ զգում եմ, որ չափն անցնում եմ:
– Ես ենթադրում եմ, որ այս պայմաններում Դուք պետք է նաև սպորտով զբաղվեք, առողջ ապրելակերպ որդեգրած լինեք, որովհետև հակառակ պարագայում, չեք կարողանա ծանրաբեռնվածությանը դիմակայել:
– Ամեն առավոտ ժամը 6-ին արթնանում եմ, 7-ին լինում եմ լողավազանում, լողում եմ մեկ կիլոմետր ու գալիս աշխատանքի: Ամեն օր՝ անկախ հանգստյան օրից: Դա միակ արտաքին միջամտությունն է, որ ինձ թույլ է տալիս աշխատունակությունը պահպանել:
– Հոբբիներ ունե՞ք:
– Այդպիսին չունեմ: Ազատ ժամանակ, եթե ունենում, հաճույքով լսում եմ երաժշտություն, ինչ վերաբերում է գեղարվեստական գրքին, քնելուց առաջ գոնե մեկ կամ երկու էջ փորձում եմ կարդալ:
– Հետաքրքիր է՝ գիրք կա՞, որ Ձեզ վրա մեծ ազդեցություն է գործել, ձևավորել է Ձեզ:
– Բազմաթիվ նման գրքեր են եղել՝ ըստ ժամանակահատվածի, մեկ գիրք չեմ կարող ասել: Ես հիշում եմ, որ 9-10-րդ դասարանում «Գարնան 17 ակնթարթներ» ֆիլմից հետո այդ գիրքը մի քանի անգամ կարդացի:
– Վերջին անգամ ե՞րբ եք վերապատրաստվել՝ որպես դատավոր: Արդյունավե՞տ եք համարում ներկայիս վերապատրաստման համակարգը, խոսք Արդարադատության ակադեմիային է վերաբերում:
– Վերջին անգամ 2015թ. նոյեմբերին եմ վերապատրաստվել, գլոբալ առումով՝ արդյունավետ եմ համարում: Նախկինում դա դասախոսության ձևաչափով էր, հիմա այլ է՝ ավելի շատ զրույցի ու խնդիրների քննարկման դաշտում է: Սա շատ արդյունավետ է:
– Այո, դուք մարդկանց չեք դատապարտում, բայց դուք գործ եք ունենում մարդկանց գույքի հետ, ի՞նչ հոգեվիճակ եք զգում այդ ժամանակ ու երբեմն կյայացրել եք այնպիսի մի վճիռ, որին կողմ եք որպես իրավաբան ու դեմ որպես անձ:
– Շատ կարևոր ու հետաքրքիր հարց եք տալիս: Արդյոք կայացրել եմ դատական ակտ, որին որպես իրավաբան կողմ եմ եղել, որպես անձ՝ ոչ: Բազմաթիվ նման դատական ակտեր եմ կայացրել: Օրինակ՝ գրեթե բոլոր վեճերը, որոնք կապված են բանկերի հետ: Ես ակնհայտ տեսնում եմ, որ բանկը հրեշավոր տոկոսներ է կազմում, ես դրանց սկզբունքորեն դեմ եմ, ուզում եմ քաղաքացուն հարցնել՝ դու կարդացել ես այս պայմանագիրը, հասկանում ես, որ ընկել ես թակարդը: Ես բազմաթիվ բանկի հայց եմ բավարարել: Շատ հաճախ փաստաբանը ակնհայտ իր հաճախորդի հետ վատ է աշխատում, օրինակ՝ մեկ բառ պետք է ասել՝ խնդրում եմ կիրառել հայցային վաղեմություն, ես մնացածը կանեմ, չի ասում, չի ֆայմում, չի հասկանում, ես չեմ ուզում մտածել, որ հակառակ կողմի համար է: Ակնհայտ տեսնելով, որ հնարավոր է հայցային վաղեմությամբ հայցը մերժել, ես գնում եմ ու բավարարում եմ՝ իմանալով, որ անգրագետ է պաշտպանում իր վստահորդների շահը: Բարդ է, երբ իրավաբանորեն և հոգեբանորեն չես կողմնորոշվում: Ես նման դեպքերում չեմ զլանում ու իմ օգնականին եմ հարցնում, նիստերի քարտուղարի կարծիքն եմ լսում, միգուցե որևէ բան բաց եմ թողել ու չեմ լսել: Քո մտքերը ամեն անգամ դատարանում եմ: Հավատացեք՝ սափրվելուց վճիռ եմ կայացնում, սափրվելուց հարցի լուծում եմ գտնում: Այսինքն՝ խնդիրը բարդ է, ես գիտեմ, որ առավոտը պետք է գամ ու նիստի մտնեմ, ես անգամ լողալուց կամ սափրվելուց այդ գործի մասին մտածում եմ: Կարծում եմ՝ բոլոր դատավորներն են այսպես:
– Ձեր թևին նկատեցի կարմիր գույնի թևնոց, այն որևէ արժեք ունի՞ Ձեզ համար, որովհետև արտասովոր է, որ դատավորն է կրում:
– Սա բերել է իմ բարեկամը Իսրայելից՝ Հորդանան գետում կրոնական ծիսով օրհնած թել է, որը կապված է ցանկությունների իրականացման հետ: Համենայն դեպս, մինչև այս պահը չի դավաճանել, ինչ նպատակով, որ կապել եմ, իրականանում է:
Կարդացեք նաև՝ Դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և վերջ. Ալեքսանդր Ազարյան
Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան
Իրավաբան.net