Կառավարությունը հաստատեց. փոփոխություններ կլինեն նոտարական համակարգում

Այսօր կառավարությունը հավանություն տվեց արդարադատության նախարարի կողմից ներկայացված նոտարական համակարգում բարեփոխումներ ենթադրող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:

Նախգծի հիմնավորման փաստաթղթից տեղեկանում ենք, որ ներկայումս նոտարական ոլորտում բացակայում է մեկ պատուհանի սկզբունքը, որը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում նոտարական ծառայության շահառուների համար: Քաղաքացիները հարկադրված վարչական այլ մարմիններից համապատասխան փաստաթղթեր են հավաքագրում նոտարական գործողություններից օգտվելու համար:

Հայաստանի Հանրապետությունում չի գործում էլեկտրոնային նոտարի համակարգը, որը պետք է հնարավորություն տա կատարել նոտարական գործողություններ ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով՝ բացառելով թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, բարձրացնելով գործարքների անվտանգությունը և ապահովելով սպասարկման բարձր որակը:

Ներկայումս նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն դիտավորությամբ պատճառված վնասի համար, իսկ իրավակիրառ պրակտիկայում հնարավոր է, որ  անզգուշությամբ պատճառված վնասը ավելի մեծ լինի, քան դիտավորությամբ պատճառված վնասը:

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է նոտարի կատարած փաստաթղթերի լրիվ ապացուցողական ուժ, սակայն օրենսդրական այլ կարգավորումների արդյունքում նոտարական փաստաթղթերը նույնիսկ վեճի բացակայության պայմաններում կարող են կիրարկվել միայն դատարան դիմելու միջոցով: Նման կարգավորումը չի համապատասխանում լատինական նոտարիատի երկրներում ընդունված նոտարի կարգավիճակին, և փաստացի զգալիորեն նվազեցնում է գործող նոտարական համակարգի արժեքը, որպես դատարաններին (արդարադատության իրականացմանն) աջակցող համակարգի: Անհրաժեշտ է վերականգնել նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը: Ներկայումս բացակայում է նաև նոտարի վավերացրած գործարքները առանց դիմելու կատարման ներկայացնելու հնարավորությունը, այն դեպքերում, երբ գործարքի կողմերը ձեռք են բերել նման համաձայնություն գործարքը կնքելիս կամ դրանից հետո:

Նոտարներից յուրաքանչյուրը պահպանում է սեփական արխիվը: Արդեն իսկ զգալի ծավալով փաստաթղթեր են հավաքվել մի շարք նոտարական գրասենյակներում, որի հիմնական պատճառն է արխիվի վարման կարգը, որն անհրաժեշտ է հստակեցնել՝ ապահովելով դրանց պահպանման ժամկետները, ազգային արխիվ կամ որևէ այլ արխիվ հանձնելու դեպքերը և կարգը, դրա ֆինանսավորման առանձնահատկությունը:

Միաժամանակ, ծառայությունների որակը ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի սահմանել նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները:

Առավել հստակ իրավական կարգավորում են պահանջում նաև նոտարական թարգմանիչների որակավորման ստուգման, վկայականների ժամկետների գործողության, վկայականների գործողության դադարեցման հետ կապված հարցերը: Մասնավորապես ներկայումս բոլոր վկայականները տրվում են անժամկետ:

Առանաձնակի կարևորություն ունի գույքի օտարման պայմանագրերի դեպքում իրավունքի վերաբերյալ նախնական նշում իրականացնելու ինստիտուտը: Առկա իրավակարգավորման պայմաններում ցանկացած գույքի նկատմամբ միաժամանակ կարող է կնքվել մեկից ավելի օտարման գործարք՝ հանգեցնելով չարաշահումների: Նշված հատկապես ակնառու է նոր կառուցվող շենքերի և շինությունների առնչությամբ գործարքներ կնքելիս: Հաշվի առնելով քաղաքացիական օրենսդրության վերջին բարելավումները` նախագծով սահմանվել են նոտարի կողմից իրականացվող նախնական նշման կարգավորումները:

Դատարանին ընդդատյա առանձին վարույթների գործերով ֆիզիկական և իրավաբանական անձինք ստիպված են լինում սպասել գործի լուծմանը տևական ժամանակ: Մինչդեռ առավել արագ ծառայությունների մատուցում կարող է ապահովվել նոտարներին առանձին տեսակների իրավաբանական փաստերի հաստատաման լիազորություն տրամադրելով՝ պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների իրականացումը, եթե անձը սպառել է նաև նոտարական կարգով իրավաբանական փաստի հաստատման հնարավորություն:

Օրենսդրական բարեփոխումների պայմաններում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագծով ընդլայնվել է նոտարական ծառայությունների շրջանակը, նոտարներին վերապահվել է նոր լիազորություններ, մասնավորապես իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, կատարողական մակագրության կատարում և այլն: Ուստի անհրաժեշտ է սահմանել նաև այդ լիազորությունների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափերը և նոտարական ծառայությունների սակագները նշված նոտարական գործողությունների համար: Ուստի փոփոխություն կատարել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագծում և  պետական տուրքի դրույքաչափերը սահմանվել են՝ հաշվի առնելով նոտարների կողմից մյուս նոտարական գործողություններն իրականցնելիս ինչպիսի դրույքաչափեր են սահմանված գործող օրենդրությամբ, և հնարավորինս փորձ է կատարվել չծանրացնել բնակչության սոցիալական բեռը և նախատեսել ցածր դրույքաչափեր:

Նշենք, որ նախատեսվում են փոփոխություններ  «Նոտարիատի մասին»  , Քաղաքացիական օրենսգրքում, «Դատական ակտերի հար­կա­դիր կատարման մասին» , «Հրապարակային սակարկությունների մասին» , Քրեական օրենսգրքում , «Արխիվային գործի մասին» , «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահով­ման մասին» , «Դատա­կան ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական տուրքի մասին»  օրենքներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել