Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտաբերված խախտումների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված հարցում կատարելու դեպքում` պատասխանն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարչական ակտն ընդունելուց հետո` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:
Տեղեկացնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցմանը` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով պատասխանելու միջոցով:
Կարևոր է իմանալ, որ գանգատը (բողոքը կամ հայցադիմումը) կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն գանգատը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա գանգատին (բողոքին կամ հայցադիմումին) պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը:
Գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացվելու կամ տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը որևէ այլ կերպ հաստատվելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը վարչական, դատական կամ որևէ այլ կերպ հաստատվելու կամ հարցման պատասխանն ստանալու օրվանից: