Արդյ՞ք տեղյակ եք «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կատարված լրացումների ու փոփոխությունների մասին

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կատարված լրացումների ու փոփոխությունների համաձայն անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) նույնականացման քարտ, իսկ 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծննդյան վկայական: Եթե 16 տարին չլրացած քաղաքացին ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր, ապա ծննդյան վկայականի փոխարեն ներկայացվում է անձնագիրը.

3) 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.

4) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները (եթե երեխան չի ստացել նույնականացման քարտ): Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` օրենքով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում (միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար).

6) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

7) պետական տուրքի վճարման անդորրագիր:

Վերը նշված օրենքի 11-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, և մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու:».

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կատարված լրացումների ու փոփոխությունների համաձայն 14-րդ մասն ճանաչել է ուժը կորցրած, իսկ 15-րդ մասը շարադրել է հետևյալ խմբագրությամբ.

Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

7) դիմումատուն հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.

8) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):»

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել