Մենք հասկանում էինք, որ դա պատվավոր գործ է. քառօրյա պատերազմի մասնակից

«Առավոտյան դիրքերից իջել էինք, գիշերը ադրբեջանցիները հարձակվեցին, հաջորդ օրը մեր վաշտը ատամները սրած սպասում էր, հրամանատարին ասում էինք՝ մեզ դիրքեր ուղարկեք, տղերքին հասնենք, հետո ասեցին, որ բարձրանում ենք, բոլորս ախպերների պես նստել ենք մեքենաները ու բարձրացել, մութ էր, դիրքեր էինք հասնում, կրակոցներ էին լսվում ու պայթուններ, ճիշտ է մի քիչ վախենալու էր, բայց ինձ չի թվում, թե վաշտի տղերքից որևէ մեկը վախեցած էին, բոլորին տեսել եմ, բոլորն էլ պատրաստ էինք կռվել»,- հիշում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, 20-ամյա Նարեկ Նազարյանը:

2014թ.-ն դպրոցն ավարտելով նա զորակոչվեց բանակ, վերադարձել է հուլիսի 16-ին, Նարեկը ծառայել է Մեխակավանի դիրքերում (Ջեբրաիլ):

Նա պատմում է, որ երկու տարվա ծառայության ընթացքում ընդհարումներ ու ոչ կանոնադրական հարաբերություններ չեն եղել, զինվորների և սպաների միջև, զինվորների հանդեպ ավելի մեղմ էին, ներում էին շատ քայլեր՝ նկատի ունենալով, որ նրանք դիրքապահ են:

Ապրիլի երկուսին մթնշաղի միջով մեքենան դիրքեր էր բարձրացնում Նարեկին ու նրա զինակից ընկերներին, ինչքան մոտենում էին առաջնագծին, այնքան պայթուններն ավելի ուժեղ էին լսվում:

Այդ օրվանից սկսած մինչև ամսվա վերջ երիտասարդը եղել է առաջնագծում. «Դիրքում կա երեք ձևի հարձակում, դիվերսիոն չեմ տեսել բայց եղել է, հրետանային կռվի ականատես եմ եղել, մի օրվա մեջ մոտ 130 արկ կրակել են կոնկրետ իմ դիրքի վրա գցել, երկու վիրավոր ենք ունեցել, նման բաներ տեսել էի, բայց որ բացահայտ հարձակում լինի, ես չէի սպասում: Անօթաչու սարքեր էին շատ օգտագործում, գալիս նկարում գնում էին, մերոնք շատերին խփում էին»,- ասում է զինվորը:

Առաջին հարձակումից հետո սկսել էին գործել միայն դիպուկահարները. «Զինադադար, որ հայտարարել էին, ինժեներական աշխատանքներ էին անում թե՛ իրանք, թե՛ մենք: Հետո նրանք ինժեներական աշխատանքները ավարտեցին, դիպուկահարներին հանեցին, մերոնք, չգիտեմ ինչ էին մտածում, բայց սակրավորներից մի զինվոր դուրս եկավ գործ անելու, առաջին կրակոցը, որ եղավ, ես չլսեցի, միայն գոռոցը լսեցի, երկրորդ կրակոցը որ լսեցի, գոռոցները շատացան, հասկացա, որ վիրավոր ունենք, վազելով գնացինք առաջնագիծ, ընկերս ասաց, որ երկու վիրավոր ունենք, պետք է հասցնենք խրամատ, մենք սկսեցինք կրակել իրանց ուղղությամբ, ամեն դիրքից 15-20 հոգի կրակում էր, ուղղակի զուտ կրակում էինք, որ իրանք կարողանանք հետ գալ խրամատ, տենց եկան ու շտապօգնության մեքենան տարավ, դա ապրիլի 24-ին եղավ»,- հիշում է Նարեկը:

Ապրիլ ամսին զինվորների հետ են եղել ազատամարտիկները, Նարեկը վստահեցնում է՝ նրանց օգնությունը շատ էր պետք:

Մեր զրուցակիցն ասում է, որ երկու տարվա ծառայության ընթացքում շատ դժվարություններ է տեսել, որոնք կոփել են իրեն, փոխել ներաշխարհն ու տեսլականները. «Գիշերը քնել չկար, ընդհանուր բոլորս արթուն էինք մնում, կարող ա որևէ մեկը հոգներ, նրան գալիս փոխում էին: Ծառայությունն առաջինն ինձ կամքի մեծ ուժ տվեց, դիմադրողականությունս բարձրացավ: Երբ ապրիլի 24-ից հետո տարան դիրքեր, այնպիսի տեղ էր, որ պայմանները շատ ծանր էին, մենք, այդ պայմաններում կարողացել ենք անտրտունջ մնալ: Բազմաթիվ այլ դեպքեր են եղել, երբ 6 օր ձյուն է եկել, դիրքում ընդհանրապես չոր շոր չէր լինում, բայց ոչ մեկ դիրքում չի հիվանդացել ու ընդհանրապես զինվորները երբեք չէին բողոքում, թե չեն ուզում ծառայել կամ ասում, որ վատ է: Նման մարդ չի եղել, բոլորս էլ հասկանում էինք, որ դա մեր հայրենիքի պարտքն է, որ պետք է տանք ու դա շատ պատվավոր գործ է»:

Նարեկ Նազարյան ծառայությունից հետո որոշել է շարունակել կրթությունը. «Սովորելու առումով բանակն ինձ խելքի բերեց, ես մինչև բանակ գնալը չէի ուզում սովորել, ասում էի՝ իմ գործը կդնեմ, բայց որ գնացի բանակ, էնտեղ հասկացա, որ իսկականից սովելը շատ է պետք»:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել