Մհեր Ենոքյանի քաղաքացիական հայցն այսօր մերժվեց: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ այսօր` հունիսի 27-ին հրապարակեց վճիռը:
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, քաղաքացի Իզաբելլա Աբգարյանի ու երրորդ անձ՝ «Blognews.am» կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի դեմ:
Հայցվորը գտնում էր, որ Նարեկ Մալյանն ու Իզաբելլա Աբգարյանը արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը` սոցիալական ցանցում գրառումներ, մեկնաբանություններ անելով: Ենոքյանը պահանջում էր վնասը փոխհատուցել:
Մհեր Ենոքյանը խնդրել էր Նարեկ Մալյանին պարտավորեցնել «Facebook.com» սոցիալական ցանցի հաշվում հերքել իր մասին զրպարտություն հանդիսացող տվյալները, իսկ որպես փոխհատուցում պահանջում էր վճարել 2 մլն ՀՀ դրամ: Նշենք, որ Մալյանը սոցիալական ցանցում գրառում էր կատարել` հայտարարելով, թե Ենոքյանը մասնատել ու քառատել է Իոսիֆ Աղաջանովի մարմինը, այն լցրել պայուսակի մեջ ու դիակը վերադարձնելու համար գումար պահանջել Իոսիֆի հարազատներից:
Այս գրառմա տակ էլ Իզաբելա Աբգարյանը մեկնաբանություն է կատարել` Ենոքյանին խորհուրդ տալով տուժողի մոր գիրքը կարդալ: «Blognews.am»-ում էլ այդ գրառումը հրապարակվել էր:
Բացի այդ, հայցվորին նաև համամատել էին Վալերի Պերմյակովի և Անդերս Բրեյվիկի հետ:
Հավելենք նաև, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել էր մահապատժի 1996 թվականին, սակայն Քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո, երբ մահապատիժը որպես պատժատեսակ հանվեց 2003 թ.-ին նախագահի հրամանագրով նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Գ.Թ.
Իրավաբան.net