«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11–րդ հոդվածի համաձայն`
«1. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
2) օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.
3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
2. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
3. Սույն հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: