Այսօր՝ մայիսի 11-ին, Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությանը մասնակցում էին 117 տնօրեններ:
Քննությունների մեկնարկին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձ կատարեց առաջիկայում սպասվելիք ավարտական միջոցառումներին: Պարոն Մկրտչյանը, նկատի ունենալով ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախումներն ու դրան հետևանքները, աշակերտներին ու նրանց ծնողներին կոչ արեց առավել համեստ նշել «վերջին զանգը». «Հարկավոր է պատասխանատվության զգացումով մոտենալ, ուղղակի կոչ եմ անում համեստ անցկացնել, որովհետև մենք հիմա բավականին բարդ վիճակում գտնվող երկիր ենք: Իհարկե, մենք երբեք չենք փորձելու փոխել այն ծրագրերը, որոնցով առաջ ենք գնում: Մենք շարունակելու ենք ուրախանալ, շարունակելու ենք ավանդական կերպով երեխաներին ճանապարհ դնել, բայց մի փոքր համեստ եղանակներով: Բացի կոչից և դպրոցներում դրամահավաքն արգելող քայլերից, որի նկատմամբ մենք խիստ ենք լինելու, կխնդրեի ձեր աջակցությունը դրական մթնոլորտ ձևավորելու համար»,- դիմելով լրագրողներին՝ ասաց նախարարը:
Խոսելով հավաստագրի գործընթացից՝ պարոն Մկրտչյանը նշեց, որ հավանական է քննությունների շեմը թեթևացվի, ինչպես նաև փոխվի հաջորդ՝ բանավորի փուլը. «Պետք է փորձենք հանձնաժողովն այնպես կազմել, որ պարզապես զրույց լինի, զրույց կրթության խնդիրների, դպրոցին հուզող հարցերի շուրջ, այստեղ ավելի լավ կզգացվի, թե տնօրենն ինչպես է վերաբերում իր աշխատանքին»,- նշեց նա:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչ է անում ԿԳՆ-ն հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ այս ողջ գործընթացը հենց դրան է միտված, նա նաև ասաց, որ նախարարությունը փորձում է բյուրոկրատական քաշքշուկները նվազեցնելով՝ հասնել դրական արդյունքի:
Հավաստագրման քննություններն անցկացնող հանձնաժողովի անդամ Կարո Նասիբյանի խոսքերով՝ գրավոր քննության արդյունքները պարզ են լինում ավարտից հետո, պատասխանները փակցրվելու են դպրոցում: Խոսելով թեստերի բովանդակային հատվածից՝ ասաց. «Թեստերում փոփոխություններ չեն եղել, դրանք կազմվել են նախարարությունում, ԿԳՆ-ն կազմել է ու քննությունը սկսելուց առաջ այն մեզ հանձնել է, մենք որևէ առնչություն չենք ունեցել: Բնականաբար թեստերը օրենսդրական դաշտի, գնումների մասին է, մի խոսքով՝ տնօրենի գործունեության հետ ուղիղ կապ ունեցող հարցեր են»:
Կոտայքի մարզի Գողթ համայնքի դպրոցի տնօրեն Հովսեփ Հովսեփյանն երկրորդ անգամ է մասնակցում այս քննություններին, նրա կարծիքով՝ քննությունները օգտակար են տնօրենների համար. «Գալիս է մի պահ, որ ինչ-որ բաներ մենք պետք է վերհիշենք, նորություններին տեղեկանանք ու իրավիճակներին ծանոթանանք, որ առավել արդյունավետ աշխատենք»,- ասաց դպրոցի ղեկավարը:
Գ.Թ.
Իրավաբան.net