Ուշադրություն բոլոր բժիշկներին.Վաղվանից կգործեն նոր փոփոխություններ

 Վաղվանից` 04.05.2016 թվականից, օրինական ուժի մեջ կմտնեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 6–ին ընդունված օրենքը։

Օրենքն ի լրումն մի շարք փոփոխությունների և լրացումների, նախատեսում է նաև բուժաշխատողներին ներկայացվող նոր պահանջներ, որոնց ամրագրված են ստորև.

«1. Ըստ կրթության մակարդակի և առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության` բուժաշխատողները բաժանվում են խմբերի և համապատասխանաբար կոչվում են ավագ, միջին, կրտսեր բուժաշխատողներ:

2. Ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու որակավորում, մասնագիտացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր:

3. Միջին բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ու որակավորում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր:

4. Կրտսեր բուժաշխատողը առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որին, կախված բժշկական օգնության և սպասարկման տեսակից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից կարող են ներկայացվել որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետելու պահանջներ: Կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում և ՇՄԶ հավաստագիր չեն ստանում:

5. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության, բժշկական և ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև նեղ մասնագիտությունների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Սույն օրենքի իմաստով օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեություն է համարվում մուտքի վիզայով կամ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետությունում օրացուցային 180 օր գտնվելու ընթացքում բժշկական մասնագիտական գործունեության իրականացումը:

7. Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում:

8. Համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում ունեցող անձինք առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության տված ավարտական փաստաթղթի հիման վրա սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու և հավաստագիր ստանալու դեպքում:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` մասնագիտական գործունեության հավաստագրի հիման վրա անձը ինքնուրույն մասնագիտական գործունեություն կարող է իրականացնել, եթե մասնագիտական գործունեությունն սկսել է ոչ ուշ, քան համապատասխան հաստատությունն ավարտելուց հետո` երկու տարվա ընթացքում:

Եթե սույն մասով նախատեսված ժամանակահատվածում անձը չի իրականացնում մասնագիտական գործունեություն, ապա նա մասնագիտական գործունեությունը կարող է իրականացնել ստաժը լրացնելու պայմանով տրված վերապահումով հավաստագրի հիման վրա` համապատասխան մասնագետի հսկողության ներքո»:

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել