Օմբուդսմենը պետք է զինծառայություն անցած լինի. Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուներից Նարեկ Ալոյանը գտնում է, որ նոր պաշտպանը պետք է զինծառայություն անցած լինի և իրազեկ լինի զինվորականների խնդիրներին: Մանրամասները հարցազրույցում.

– Եթե Դուք դառնաք Մարդու իրավունքների պաշտպան ի՞նչ քայլեր առաջինը կիրականացնեք:

– Կսկսեմ այն համակարգային փոփոխությունները կյանքի կոչել, որոնց բացակայությունը այսօր էապես խոչընդոտում է մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը:

– Իսկ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

– Խոսքը համակարգային փոփոխությունների մասին է, ինչպես նաև մի շարք պարզ, բնական իրավունքների պաշտպանության մասին, օրինակ՝ արժանապատիվ կյանքով ապրելու քաղաքացիների իրավունքի, որն այսօր, ըստ էության, ֆորմալ առումով է գործում:

– Ինչպե՞ս եք գնահատում մյուս երեք պաշտպանների գործունեությունը, մասնավորապես՝ կենտրոնանք Կարեն Անդրեասյանի գործունեության վրա:

– Կարծում եմ՝ եղել է և՛ դրականը, և՛ բացասականը: Այդուհանդերձ չէի ցանկանա բացասականի մասին խոսել, դրականի մասին կարող եմ նշել, որ մի շարք արդյունավետ միջոցներ են իրականացվել: Միևնույն ժամանակ ցավալի է տեսնել Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ խնդրանքներն ուղղված Ազգային ժողովին, որոնք անհետևանք մնացին: Այսինքն՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վեր է հանել բազմաթիվ խնդիրներ ու նաև դիմել ԱԺ-ին: Այս առումով կարծում եմ, որ օմբուդսմենի պաշտոնում նշանակվելու դեպքում հանդես կգամ նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ընդլայնվեն ու նա հարկադրված չլինի դիմել օրենսդիր մարմնին խնդրանքով:

– ՄԻՊ երեք պաշտպանները այս թե այն կերպ տարաբնույթ ճնշումների են ենթարկվել իշխանությունների կողմից: Դուք ճնշումներից չե՞ք վախենում:

– Բացարձակապես, ես կարծում եմ, որ եթե ՄԻՊ-ը լինի անկախ՝ քաղաքական ուժերից և բիզնես կլաններից՝ դրան գումարած նրան տրված լիազորությունները, հնարավոր չի լինի օմբուդսմենի նկատմամբ ճնշումներ կիրառել:

– Մյուս երկու թեկնածուները արդյոք համապատասխանո՞ւմ են ՄԻ պաշտպանի չափանիշներին;

– Ընդհանուր մի նկատառում կանեմ՝ որպես քաղաքացի, ես կցանկանայի, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար կազմում լինեն զինծառայություն անցած անձիք: Իմ տեղեկություններով՝ ՄԻՊ տեղակալը զինծառայության հարցերով ևս չի ծառայել ՀՀ Զինված ուժերում: Կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է զինծառայություն անցած լինի:

– Ինչպես հասկանում եմ՝ եթե դառնաք ՄԻ պաշտպան, ապա ուշադրություն դարձնելու եք նաև զինվորականների խնդիրներին:

– Միանշանակ, առանցքային մեծ ուշադրություն եմ դարձնելու այդ խնդիրների վրա: Այդ ոլորտում կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների խախտման դեպքեր արձանագրել, այլ նաև իրականացնել արդյունավետ միջոցառումներ՝ իրավունքների խախտումները կանխարգելելու համար:

– Եթե Ձեր թեկնածությունը չհաստատվի, այլ ընտրվի մյուս երկուսից մեկը, ապա Դուք կշնորհավորեք նոր պաշտպանին:

– Հանձնաժողովի նիստից հետո կարող եմ պատասխանել:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել